Ձուկ բռնելիս մահացել է ԱԺ նախկին պատգամավորի ազգականը

Նրա դիակը հիվանդանոց են տեղափոխել Աղստև գետի մոտակայքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Տավուշի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Իջևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադը Գետահովիտ գյուղից իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 36-ամյա Մանվել Քոքոբելյանն է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նրան տեղափոխել են Գետահովիտ գյուղում գտնվող «Քարարտ» արտադրամասի հետնամասով անցնող Աղստև գետից, որտեղ՝ ըստ տեղեկությունների, ձուկ բռնելիս հոսանքահարվել է:

Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահվան հանգամանքները, ինչպես նաև հոսանքահարման մասին տեղեկությունը:

Կայքի տեղեկություններով, մահացածը ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ազգականն է: