Գեղարդի շուրջ կրքերը բորբոքվում են, կամ ինչու է Էջմիածնում իրարանցում առաջացել

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող ցույցերը նոր երանգ են ստացել։ Արդեն մեկ օր է` չեն դադարում կրքերը Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդի շուրջ։ Ոմանք ասում են, որ մասունքի մի հատվածը տվել են ուրիշներին, և այն, ինչ ներկայացվում է ժողովրդին, իսկական մասունքը չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Քրիստոնեական սուրբ մասունքներից մեկի` Գեղարդի շուրջ ծավալված կրքերը չեն լռում։ Թեման շարունակում է մնալ հասարակության և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։

Կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականները պնդում են, որ մասունքի մի մասը տվել են ռուսական եկեղեցուն։ Մայր Աթոռը հայտարարում է, որ մասունքը տեղում է և անվնաս, ու Համայն Ռուսիո պատրիարքին ընծայվել է միայն մասունքի մի փոքր հատված, որը պահվում է Սանկտ Պետերբուրգի վանքերից մեկում։

Շրջանառվող լուրերն ու կասկածները ցրելու համար այսօր Մայր Աթոռը պահոցից դուրս է բերվել Սուրբ Գեղարդը, և հազվագյուտ մասունքը ցուցադրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ։

Սակայն կաթողիկոսի հակառակորդները պնդում են, որ դա ոչ թե գեղարդի բնօրինակն է, այլ պատճենը։ Այս պնդումներին է միացել նաև Կորյուն աբեղա Առաքելյանը։ Նա վստահեցնում է, որ ժողովրդին չի ցուցադրվել իսկական մասունքը. իսկական գեղարդը միայն մեկ անգամ է ցուցադրվել ժողովրդին` մյուռոնօրհնեքի ժամանակ։

Համացանցում հրապարակվել է նաև մի լուսանկար, որում երևում է, որ գեղարդի ծայրը կոտրված է։

Սակայն անհասկանալի է նաև` լուսանկարում պատկերված գեղարդն իսկականն է, թե  այս իրարանցման թեմայով «սարքված» լուսանկար, որովհետև հստակ երևում է, որ գեղարդի վրա զմուռս չկա, իսկ Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկը (Կարապետյան) երեկ ցույց էր տվել, որ մասունքի վրա զմուռս կա։

«Չգիտեմ` ինչ լուսանկարի մասին է խոսքը։ Ես տեսել եմ, հավատացյալները տեսել են, որ XVIII դարի սուրգուչի կնիքով գեղարդը կա։ Պետք չէ լուրերի հավատալ», —Sputnik Արմենիային ասաց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը։

Լուրե՞ր, թե՞ իրականություն

Իրարամերժ լուրեր են պտտվում նաև գեղարդից պոկված հատվածի մասին։ Սկզբում ասում էին, որ գեղարդի պոկված կտորը նվիրել են «Ռուսաստանի քաղաքապետներից մեկին», նշվում էր Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի անունը։

Տեր Վահրամ Մելիքյանը Sputnik Արմենիային ասաց, որ այդ հատվածը հանվել է սուրբ Գեղարդի կոթառի միջից և 2004 թվականին Սանկտ Պետերբուրգի վարչակազմի միջոցով փոխանցվել է Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ II-ի 75-ամյակի կապակցությամբ։ Հոգևորականն ասաց, որ տեղափոխման հարցում օգնել է Պոլտավչենկոն (նահանգապետի պաշտոնը ստանձնել է 2011 թվականին — խմբ.)։

«Սա ընդունված պրակտիկա է։ Ժամանակին մեզ ևս մասունքների մասեր են ուղարկել որպես ընծա։ Մենք ինչպես ընդունել, այնպես էլ փոխանցել ենք դրանք, միջազգայնորեն ընդունված պրակտիկա է։ Իսկ մեր երկրում փոխանցումն իրականացվում է Կաթողիկոսի որոշմամբ։ Գեղարդի վրա վնասվածքներ չկան։ Եկեղեցու այցելուները նույնպես կարողացել են այսօր տեսնել և համոզվել, որ գեղարդն ամբողջական է», — ավելացրեց նա։

Կորյուն աբեղա Առաքելյանը, որը Կաթողիկոսի դեմ է դուրս եկել, չի հավատում այս ամենին։ Նրան զարմացնում է մասունքները միմյանց փոխանցելու եկեղեցական ավանդույթի մասին հայտարարությունները։

«Մեր եկեղեցու ներկայացուցիչները հայտնել են, որ եկեղեցիների մեջ մասունքներով փոխանակվելու ավանդույթ կա։ Եթե որևէ մեկն ապացուցի, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին նվիրել է սուրբ Պողոսի և Պետրոսի մասունքները մեկ այլ եկեղեցու, ես ներողություն կխնդրեմ», — ասել է նա լրագրողներին։

Պատճե՞ն, թե՞ բնօրինակ

Ինչպես պարզվեց, անվտանգության նկատառումներից ելնելով` գեղարդի պատճենը ստեղծվել է դեռ Վազգեն I-ի օրոք։ Հիմնականում ցուցադրվում է քրիստոնեական այդ մասունքի պատճենը։ Մամուլի գրասենյակի ղեկավարի խոսքով` բնօրինակը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվում է 1960-ականներից հայ պատրիարքների հատուկ վերահսկողության ներքո և դուրս է բերվում պահոցից Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով։ Մասունքը Էջմիածնի տարածքից դուրս չի բերվում։

«Որովհետև մի քանի դար առաջ ժանտախտի ժամանակ գեղարդն ուղարկվել էր Վրաստան և հետո դժվարությամբ բերվել Հայաստան», — ասաց հայր Վահրամը։

Այդ նպատակով ստեղծվել է պատճենը։ Ցուցադրությունների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների ժամանակ ցուցադրվում է պատճենը, պարզաբանեց հայր Վահրամը։ Գեղարդի վրա Կաթողիկոս Դավիթ Հինգերորդի և Դանիիլ Առաջինի կողմից դրված երկու կնիքներն արվել են նրա համար, որ հնարավոր լինի տարբերել իրական գեղարդը անվտանգության նպատակով XVIII դարում պատրաստված պատճենից։

Գեղարդը, խաչափայտի մասունքը, Լուսավորչի աջը Հայ Առաքելական եկեղեցու ամենաարժեքավոր մասունքներն են։

Կորյուն աբեղան պնդում է, բազմաթիվ մասունքներ կարող են նվիրվել, փոխանակվել, բայց գեղարդը այնպիսի սրբություն է, որ չի կարելի օտարել, դա մի ամբողջություն է, ամեն մեկը չի կարող իրեն իրավունք վերապահել օտարել, դա սրբապղծություն է։

«Կարծում եմ` դա արվում է նրա համար, որպեսզի ուշադրությունը շեղեն կաթողիկոսի հրաժարականի պահանջից», — ասում է հայր Կորյունը։

Ավանդույթի համաձայն` գեղարդը, որով խոցել են խաչի վրա մահացած Հիսուսի կողը, Հայաստան է բերել Թադեոս առաքյալը։ Միջին դարերում այն պահվել է Այրիվանքում, որն ավելի ուշ վերանվանվել է և կոչվել Գեղարդի վանք։ Ներկա պահին այդ մասունքը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։