ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Արցախի հիմնահարցի լուծման հարցում ուժային տարբերակն ընդունելի չէ. ցանկացած ռազմական լուծում լինելու է ողբերգական բոլորի համար՝ և՛ Արցախի, և՛ Հայաստանի, ր՛ Ադրբեջանի: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Եթե որևէ մեկը կարծում է, որ այդպիսի պատերազմից հետո շարունակելու է շահագործել բնական ռեսուրսներ, նավթ վաճառել, ապա դա այդպես չէ: Մեր տարածաշրջանի համար պատերազմը լինելու է ողբերգական բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի: Այդտեղ թող ոչ ոք կասկած չունենա: Հետևաբար լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են»,-ընդգծեց ՀՀ նախագահը:
Սարգսյանն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախը պետք է դառնա բանակցությունների լիիրավ կողմ։
«Արցախի ներկայացուցիչները բանակցային սեղանի շուրջ նախկինում եղել են, և հետո Հայաստանի երկու նախագահները ներկայացրել են ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը, որովհետև իրենք Արցախից են եղել: Այսօր վարչապետն է բանակցողը, հետևաբար բանակցային քաղաքականության ձևավորողը վարչապետն է ու իր գործընկերները, մասնավորապես` արտգործնախարարը»,-ասաց Սարգսյանը։
Նա ավելացրեց, որ ինքը խորհրդականի դեր է ունենալու այդ հարցում։