Ճապոնիայում մահապատժի են ենթարկել «Աում Սինրիկյո» աղանդի հիմնադիր Սյոկո Ասահարային

Տարբեր տվյալներով` «Աում Սինրիկյո» աղանդում (արգելված է Ռուսաստանում) ներառված է 30-50 հազար մարդ, որից ավելի քան 10 հազարը` Ռուսաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Ճապոնիայում մահապատժի են ենթարկել ճապոնական «Աում Սինրիկյո» կրոնական աղանդի նախկին ղեկավար Սյոկո Ասահարային, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NHK հեռուստաալիքին։

Մահապատիժն իրագործվել է հուլիսի 6–ի առավոտյան։ Մինչ այդ աղանդի հիմնադիրը գտնվել է Տոկիոյի բանտերից մեկում։ Ասահարայից բացի մահապատժի են ենթարկել ևս հինգ հոգու։ Ընդհանուր առմամբ մահապատժի է դատապարտվել 10 մարդ, աղանդի ևս 180 հետևորդներ դատապարտվել են ազատազրկման։

Մարին Լե Պեն. Եվրամիությունը վերածվել է իսկական աղանդի

1995թ.–ի մարտին աղանդավորները զարին թունավոր գազ են շաղ տվել Տոկիոյի մետրոյում, որի հետևանքով մահացել էր 13 մարդ և տուժել մոտ 6 հազար։

Ասահարայից բացի մահապատժի են ենթարկվել Կիյոհիդե Հայակավան, որն աղանդում կատարել է ռազմական նախարարի դեր, ինչպես նաև Տոմոմաս Նակագավան և Յոսիհիրո Ինոուեն։

Ասահարայի մահապատժի իրագործումը հետաձգվել է հետաքննության պատճառով։ «Աում Սինրիկյոյի» առաջնորդի և աղանդի ևս մի քանի ղեկավարի ստիպել են ցուցմունք տալ երեք առաջնորդների գործով, որոնց հաջողվել է թաքնվել։

«Աում Սինրիկյո» աղանդը հիմնվել է 1987թ–ին և արգելված է աշխարհի շատ երկրներում, այդ թվում` Ռուսաստանում։ Այն կանխագուշակել է աշխարհի վերջ և այսպես կոչված չարի և բարու վերջին մենամարտ, որի ընթացքում աղանդի հետևորդները պատրաստվել են տարբեր մեթոդներով ոչնչացնել իրենց թշնամիներին, այդ թվում` թունավոր գազերի օգնությամբ։ Սյոկո Ասահարան, որը մահապատժի ժամանակ 63 տարեկան է եղել, իրեն անվանել է Քրիստոսի, Բուդդայի և Շիվա աստծու ռեինկարնացիան։

Տարբեր տվյալներով` «Աում Սինրիկյո» աղանդում ներառված է 30-50 հազար մարդ, որից ավելի քան 10 հազարը` Ռուսաստանում։