Ֆրանսիահայերը շոկի մեջ են «Հայաստան» հիմնադրամի սկանդալի պատճառով. ինչպես շարունակել օգնել

Ֆրանսիայի հայ բարերարները պատրաստ են համագործակցել Հայաստանի կառավարության հետ, չնայած «Հայաստան» հիմնադրամի տնօրենի ձերբակալությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Fonds Arménien de France բարեգործական կազմակերպությունը ցնցված է «Հայաստան» հիմնադրամիր գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալության մասին լուրով։ Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարությունում, որը հրապարակել է Nouvelles d"Armenie պարբերականը։

Այսպես, թե այնպես, պետք է հետևել անմեղության կանխավարկածին և սպասել քննությանը և դատին։ Եթե պարզվի, որ թե Վարդանյանին վերագրվող փաստերն իրականում տեղի են ունեցել, ապա հարկ կլինի վերականգնել տասնյակ հազարավոր բարերարների վստահությունը։

ԱԱԾ–ն կպարզի` «Հայաստան» հիմնադրամի տնօրենը ճիշտ է, թե՞ ոչ

Հենց այդ վստահության հիման վրա է «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքել միջոցներ, որոնց օգնությամբ վերակառուցել են Հայաստանի հյուսիսը 1988թ–ի երկրաշարժից հետո, աջակցել շրջափակման մեջ գտնվող երկիրն, օգնել Արցախին, ստեղծել ենթակառուցվածքների հսկայական ցանց (ճանապարհների, ջրատարների, էլեկտրականության և գազի ցանցերի), զարգացրել գյուղատնտեսությունը, իսկ վերջին տարիներին զարգացրել արևային էներգետիկան Հայաստանում և Արցախում։

«Fonds Arménien de France–ն ընդգծում է, որ Հայաստանի կառավարության հետ միասին ամեն ինչ կանի, որպեսզի շրջի այս տխուր էջը, վերականգնի հիմնադրամի նկատմամբ վստահությունը և շարունակի «Հայաստան» հիմնադրամի աշխատանքն ավելի մեծ նվիրումով, քան նախկինում», – ասվում է հայտարարության մեջ։

Հուլիսի 3-ին ԱԱԾ-ն յուրացումներ կատարելու, հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության`Վարդանյանը խոստովանել է, որ 2016-2018 թվականներին հիմնադրամի բանկային քարտից 130 մլն դրամի խաղադրույքներ է կատարել օնլայն կազինոներում։

Վարդանյանը հայտնել էր, որ վարկային քարտից վատնած միջոցները վերադարձրել է հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ, անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն` դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: