Հակառակորդը գրոհել է, պետք է կասեցնել առաջխաղացումը. հրետանու զորավարժություն Հայաստանում

Զորավարժության վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օրից: Նախնական արդյունքներով` հրետանային ստորաբաժանումը մարտունակ է, հրետանային հաշվարկները պատրաստ են առաջադրված խնդիրները կատարելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում օրերս անցկացվել է հրետանու զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, զորավարժության նպատակը մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում հրետանավորների գործնական և մասնագիտական ունակությունները կատարելագործելն էր՝ մարտական պատրաստականության և ներդաշնակման աստիճանը, անհրաժեշտության դեպքում` նաև իրական ռազմի դաշտում առաջադրված խնդիրը գերազանց կատարելու համար:

Հակառակորդի հանկարծակի հարձակում, հրթիռահրետանային միջոցներ. զորավարժություններ Արցախում

Զորավարժությունն անցկացվում էր գլխավոր ռազմական տեսչության հանձնաժողովի ստուգումների շրջանակներում: Զորամասի անձնակազմը հանձնաժողովին արդեն ներկայացրել էր տեսական գիտելիքների տիրապետման աստիճանը: Այժմ գործնական կարողությունների ցուցադրման ժամանակն էր: Բոլոր գործողությունների համադրմամբ էլ որոշվելու է զորամասի ընդհանուր գնահատականը:

Մարտական տագնապի ազդանշան ստանալուց հետո անձնակազմը կատարել է ռազմերթ մեծ հեռավորության վրա և կենտրոնացել նախատեսված շրջանում: Հրամանատարական կազմն իրականացրել է տեղազննում, մարտի, կրակային խոցման պլանավորում: Հընթացս յուրաքանչյուր գործողություն ստուգել և գնահատել են հանձնաժողովի անդամները:

Սցենարի համաձայն՝ հակառակորդը գրոհել է մեր դիրքերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքում կատարել և ապահովել հիմնական ուժերի հետագա առաջխաղացումը: Հրետանավորներն իրենց կրակային դիրքերում են: Անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Հրամանատարական կետում զորավարժության ղեկավար կազմը ներկայացնում է ստեղծված իրավիճակը, մարտավարական կողմնորոշիչները, սպասվող զարգացումները և որոշման կայացման վերաբերյալ իրենց մոտեցումը: Առաջադրվում են կրակային խնդիրները, որոշվում նշանակետերը: Սկսվում է զորավարժության մարտական հրաձգության փուլը:

Տոնոյան. «Ադրբեջանի ցանկացած զորավարժություն հակահայկական ուղղվածություն ունի»

Հրամանատարական կետում թիրախները որոշելուց հետո դրանք փոխանցվում են կրակային դիրք: Մարտկոցների համապատասխան սպաներն ու հաշվարկողները լրացուցիչ հաշվարկներ են կատարում և տվյալները արագ փոխանցում մարտական հաշվարկներին:

Հրետանային դիվիզիոնը հուժկու կրակով կասեցնում է ձեռնարկված գրոհը, կանխում է հակառակորդի ներթափանցումը մեր պաշտպանության խորքը: Հարվածներ են հասցվում ինչպես առաջնագծում մարտական գործողություններ վարող, այնպես էլ թիկունքում տեղաշարժեր կատարող հակառակորդի ուժերին: Վարժադաշտում կատարվում են բազմաթիվ պլանային և արտապլանային առաջադրանքներ:

Թիրախները խոցվում են ժամանակին և դիպուկ: Արձակված արկերն ու հրթիռները մեկը մյուսի հետևից ոչնչացնում են հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան:

Ուսումնական խնդիրները կատարված են: Զորավարժության վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օրից: Նախնական արդյունքներով հրետանային ստորաբաժանումը մարտունակ է, հրետանային հաշվարկները պատրաստ են առաջադրված խնդիրները կատարելու: Իսկ զորավարժությունը կնպաստի ստորաբաժանումների մարտական կիրառման արդյունավետության բարձրացմանը: Պատասխանատուները նաև փաստեցին, որ մարտական հրաձգությամբ ստուգատեսի միջոցով զինվորները անգնահատելի փորձ են ձեռք բերում, կատարելագործվում է նրանց մարտական պատրաստվածության և բարոյահոգեբանական վիճակը: