ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները հուլիսի 7-ին կկազմակերպեն Վարդավառի տոնախմբություն:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ ժամը 18.00-ին մասնակիցները ազգային երգ ու պարով, տոնական մեծ թափորով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կքայլեն դեպի Մանկական զբոսայգի:
Այգում կներկայացվեն տոնի ժողովրդական սովորույթները, բեմադրության միջոցով կցուցադրվի Ջրհեղեղի և Նոյի ընտանիքի տապանից դուրս գալու պատմությունը: Կբեմադրվեն նաև խնդումի և պուռմատիկինին նվիրված ծիսական դրվագները, իսկ ցորենի հասկերից խաչբուռ կպատրաստեն: Երիտասարդները խնձոր կխորովեն և կբաժանեն ներկաներին:
Միջոցառումը կավարտվի խորհրդանշական ջրախաղով և աղավնիներ բաց թողնելով:
Թեմի երիտասարդները, «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո, ամեն տարի նոր շունչ են հաղորդում ազգային տոներին` վերարթնացնելով ժողովրդական գեղեցիկ սովորությունները: