Սկանդալ Էջմիածնում. կաթողիկոսի հրաժարականը պահանջողներն ուզում են տեսնել Սուրբ Գեղարդը

Հերթական սկանդալի պատճառ է դարձել լուրն այն մասին, որ Սուրբ Գեղարդից մի կտոր վաճառվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Էջմիածնում նոր սկանդալ է հասունացել։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող ակտիվիստները հայտարարում են, որ գանձատան թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները վաճառվել են: Նրանք պահանջում են, որ իրենց ցույց տան Սուրբ Գեղարդը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Սուրբ Գեղարդի սրբազան մասունքի կտորը ռուս քաղաքապետին նվիրելու լուրերին։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ լուրերը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել, կեղծ են։ Առաջիկայում այն դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար և մեր ժողովուրդը կտեսնի, որ համաքրիստոնեական սրբությունն անխաթար է և անվնաս»,-գրել է Տեր Վահրամ Մելիքյանը։

Այս պատասխան առայժմ միակն է, որ Հայ Առաքելական եկեղեցին տվել է տարածված լուրերին։

Մայր Աթոռի հետ կապ հաստատելու և որևէ մեկնաբանություն ստանալու ջանքերն ապարդյուն են, որովհետև պատասխանատուներից ոչ ոք հեռախոսազանգերին չի պատասխանում։

Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները ներխուժել են Մայր Աթոռի դիվանատուն

Նշենք, որ այսօր` հուլիսի 6-ին, Մայր Աթոռի դիվանատուն ներխուժած ցուցարարներին դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը տեղեկացրել էր, որ Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդը չի վաճառվել, այլ մի մասը նվիրվել է ռուս քաղաքապետին, համաձայն տարածված լուրերի` Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին:

Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներն այս պահին էլ շարունակում են մնալ Մայր Աթոռի դիվանատանը և հայտարարում են, որ մնալու են այնքան, մինչև իրենց պահանջը կատարվի։

Հիշեցնենք` հունիսի 6-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը Երևանում բողոքի ակցիա էր կազմակերպել` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով։

Իսկ հունիսի 10-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում կաթողիկոսի մասնակցությամբ տեղի ունեցած ձեռնադրման արարողության ավարտին լեզվակռիվ և քաշքշոց էր տեղի ունեցել կաթողիկոսի կողմնակիցների և նրա դեմ պայքարող հոգևորականների միջև։

Շուրջ 500 տարի Հայաստանի Գեղարդավանքի վանական համալիրում է պահվել այն հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը Գողգոթայում խոցել է Քրիստոսի կողը։ Հայ Առաքելական եկեղեցին գեղարդը եկեղեցական հատուկ ծիսակարգերի ժամանակ դուրս է բերում հավատացյալների կողմից երկրպագության համար։ Հայ հավատացյալները հատուկ ակնածանքով են վերաբերվում այս սրբազան մասունքին։