Նարեկ Սարգսյանի արկածները. ի՞նչ կապ ունի փոխվարչապետ Ավինյանի օգնականը

Պարզվում է, որ Սերժ Սարգսյանի եղբորորդին, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, մտերիմ հարաբերություններ է ունեցել Հայաստանի փոխվարչապետի խորհրդականի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանը Sputnik Արմենիայի թղթակցին ասաց, որ վաղուց դադարել է շփվել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի հետ։

Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ներում հրապարակվել են Facebook–ում Նարեկ Սարգսյանի գրառումները, որոնք արվել են 2013թ–ին։ Այդ գրառումներից երևում է, որ Նարեկ Սարգսյանը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Գեորգի Մուրադյանի հետ։ Վերջինս այդ ժամանակ եղել է Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոսը։

Զենքեր, թմրանյութեր և «Մարտիրոս Սարյաններ». էլ ի՞նչ կա ԱԱԾ տարածած տեսանյութում

Մուրադյանը նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օգնականն էր։ Իսկ այս մայիսին նա նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը։

Sputnik Արմենիայի թղթակիցը հետաքրքրվեց Մուրադյանից` արդյո՞ք պահպանվել են Նարեկ Սարգսյանի հետ մտերմիկ հարաբերությունները, և վտանգ չկա արդյո՞ք, որ այդ ընկերությունը կարող է ինչ-որ կերպ ազդել հարուցված քրեական գործի շրջանակում անցկացվող քննության ընթացքի վրա։ Ի պատասխան Մուրադյանն ասաց, որ Նարեկ Սարգսյանի հետ կապ չունի 2013թ.–ից ի վեր։

«Մենք զուտ ընկերական հարաբերություններ ենք ունեցել։ Բայց հետո ես հասկացա, որ նա այն մարդը չէ, ինչպիսին ներկայանում է։ Մեր միջև տարաձայնություններ, եղան և ուղղակի դադարեցրինք շփվել», – նշեց Մուրադյանը։ Նա հավելեց, որ քննությանը միջամտելու հարցը բացառվում է։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 5–ին հրապարակել է Ալեքսանդր Սարգսյանի տան խուզարկության մանրամասները։ Մեծ քանակությամբ զենք, ոսկյա զարդեր, փող, թմրանյութ, թանկարժեք մեքենաներ, մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի նկարները։ Ահա նախագահի եղբորորդու անհավանական արկածների աննշան մասը։ Ստուգումների արդյունքում հարուցվել է քրեական գործ, իսկ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։