Մասիսի քաղաքապետը կալանավորվեց

Պաշտպանը համարում է, որ դատավորն ուզում է սիրաշահել նոր իշխանություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7-ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ով է իրան դատել»,- գրել է պաշտպանը:

2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել էին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:

Այդ փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանին, 22-ամյա Գևորգ Համբարձումյանին, 30-ամյա Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:

Հունիսի 2-ին դատարանը որոշել էր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին, և նրանք ազատ էին արձակվել:

Ավելի ուշ Մասիսի քաղաքապետին ևս մեկ մեղադրանք էր առաջադրվել՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ:

Скрин поста Тиграна Атанесяна в соц.сети Facebook