Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները ներխուժել են Մայր Աթոռի դիվանատուն

Տեր Վահրամ Մելիքյանի խոսքով` նախաձեռնության անդամները փորձել են բռնություն գործադրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող ցուցարարները այսօր ներխուժել են Մայր Աթոռի դիվանատուն:Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը:

Կաթողիկոսի հրաժարականը պահանջող ցուցարարներն անցան Երևանի կենտրոնով. տեսանյութ

«Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորդորներին դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը»,–գրել է Մելիքյանը։

Համաձայն նրա գրառման` նախաձեռնության անդամները փորձել են բռնություն գործադրել։

Հիշեցնենք` տևական ժամնակ է Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով շարժում է ձևավորվել` «Նոր Հայաստան, նոր Հայարպետ» անվանումով։ Շարժման մասնակիցները` Հայր Կորյուն վարդապետի, Տեր Արմեն քահանայի և Տեր Կորյուն քահանայի գլխավորությամբ, հավաքվում են Երևանում կաթողիկոսի նստավայրը համարվող Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների բակում, երթեր և ցույցեր անցկացնում ինչպես Երևանում, այնպես է Էջմիածնում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 8-ին տեղի է ունեցել եպիսկոպոսաց ժողով, որից հետո հոգևորականները հայտարարություն են տարածել։ Նրանք նշել են` անընդունելի է մտահոգությունների վերջնագրային ոճը, որ ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ առաջադրված պահանջի տեսքով: Եպիսկոպոսաց դասը, իբրև հիմնական երաշխավոր Հայ Եկեղեցու կանոնական կարգի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանգամանքի անձեռնմխելիության, հաստատել է, որ կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է, ուստի և անվավեր: