Կապանի քաղաքապետը հրաժարական տվեց

Պաշտոնյան հայտարարել է, որ այս որոշման համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ ու խոր պատճառներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարական է տվել։  Այս մասին նա հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Ես վաղաժամկետ վայր եմ դնում իմ լիազորությունները՝ հրաժարական եմ տալիս Կապան համայնքի ղեկավարի պաշտոնից: Այս որոշման համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ ու խոր պատճառներ, այդուհանդերձ, չմանրամասնելով դրանք, հակիրճ ձևակերպեմ. իմ անելիքների ու պարտականությունների, ՏԻՄ լիազորությունների սահմանում համայնքի ղեկավարին տրված հնարավորությունների շրջանակում գործելու, սկսած ծրագրերն իրականացնելու, համայնքի մասին՝ իմ ունեցած տեսլականին հասնելու պատկերացումներն այլ են, այսօր մեր համայնքի բնակիչների ակնկալիքները, սպասումներն ու դրանց հասնելու ճանապարհների մասին պատկերացումները՝ այլ»,- գրում է Հայրապետյանը։

Կապանի քաղաքապետը նաև բարի կառավարում է մաղթել իրեն այդ պաշտոնում փոխարինողին, նաև` սրտացավություն, հանդուրժողականություն ու սեր և հարգանք Կապանի ու կապանցիների նկատմամբ։

Հայրապետյանը Կապանի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է 2012 թ–ին, վերընտրվել` 2016–ին։ Աշոտ Հայրապետյանը 2006թ.–ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: Հիշեցնենք` երեկ Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիների հանդիպման մեկնարկին միջադեպ է տեղի ունեցել։ Երբ քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը փորձել է պատասխանել քաղաքացիներից մեկի հնչեցրած հարցին, կապանցիները սկսել են սուլել և քաղաքապետին թույլ չեն տվել խոսել։