ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀԾԿ)։
Այսպես, Վյաչեսլավ Հարությունովի որդին 2012 թվականին տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը` դարձել է աշխարհի չեմպիոն, որով պայմանավորված` Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Վյաչեսլավ Հարությունովին խոստացել է օժանդակել նրա որդուն ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում:
2018 թվականի հուլիսի 2-ին` «Օլիմպավան» մարզահամալիրում, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո` ժամը 18:30-ի սահմաններում, Հարությունովը մոտեցել է Գագիկ Ծառուկյանին` կրկին հիշեցնելով որդու հարցը կարգավորելու վերաբերյալ նախկինում նրա տված խոստումը: Խոսակցությունը շարունակվել է մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, որտեղ, Էդուարդ Բաբայանը` խմբով, Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` գլխուղեղի ցնցման, դեմքի և կրծքավանդակի վնասվածքների, կողոսկրի կոտրվածքի և աջակողմյան պնևմոթորաքսի ձևով` ուղեկցված սուր շնչառական անբավարարությամբ:
Հուլիսի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան`Էդուարդ Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հուլիսի 6-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Էդուարդ Բաբայանը կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է: