Հայաստանում դիզվառելիքը մի փոքր թանկացել է. գյուղացիները կզգա՞ն այդ թանկացումը

Այս թանկացումն այնքան չէ, որքան հունվարին, և պայմանավորված է ռուսական շուկայի փոփոխություններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. 2018 թվականի հուլիսին դիզելային վառելիքը Հայաստանում 2-3%-ով թանկացել է։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը։

Մեծածախի դեպքում գներն աճել են 20 դրամով, իսկ մանրածախ վաճառքի համար` 10 դրամով. մեկ լիտր դիզվառելիքը 460 դրամից հասել է 470-ի։

Զորամասի դիզվառելիքը վաճառել են և պետությանը պատճառել 8.856.000 դրամի վնաս

Գնային փոփոխությունները կապ չունեն արժույթի տատանման հետ (հայկական դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ գրեթե չի փոխվել), այլ պայմանավորված են բացառապես ռուսական շուկայի փոփոխություններով։

Հայաստանը տարեկան մոտ 150 հազար տոննա դիզվառելիք է օգտագործում, հիմնականում` Ռուսաստանից (փոքր խմբաքանակներ են գալիս Իրանից ու Թուրքմենստանից)։ Դիզվառելիքը, ինչպես նաև այլ նավթամթերքը, Հայաստան են մատակարարում երկու ընկերություն` CPS-ը և «Ֆլեշը»։

Պետական հանձնաժողովում նշում են, որ դիզվառելիքի թանկացման պատճառով այլ ապրանքները չեն թանկացել։

Բենզինի շուկայում զգալի փոփոխություններ չկան. տարեսկզբից ի վեր մեկ լիտր բենզինի գինը պահպանվում է 450 դրամի սահմանում։ Խոսքը «ռեգուլյար» տեսակի մասին է։ «Պրեմիումի» գներն էլ զգալի չեն փոխվել։

Նշենք, որ տարվա սկզբին դիզվառելիքի գներն աճել էին` 380-ից հասնելով 450 դրամի։ Պատճառն այն է, որ դիզելային վառելիքը սկսել է հարկվել է ԱԱՀ-ով։

Թանկացումը փոքր է, և այն չեն զգա նույնիսկ պետական ծրագրով դիզվառելիք ստացող գյուղացիները։ Մատակարարողները պարտավորվել են ամբողջ տարի վառելիք մատակարարել նույն գնով։ Շուկայական ռիսկերը լիովին մնում են ձեռնարկությունների վրա։