Լողափի մոտ դանակահարել են «Սևան» ազգային պարկի անվտանգության աշխատակիցներին

Երեք հոգու հիվանդանոց են տեղափոխել հանրային լողափի հարակից տարածքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Գեղարքունիքի մարզում այսօր՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01:20-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:

Երևանի բենզալցակայաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են 23-ամյա Դավիթ Դ.-ն («կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ), 22-ամյա Արմեն Հ.-ն («կրծքավանդակի ձախ մասի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ) և 22-ամյա Գուրգեն Հ.-ն («դեմքի քերծված վերքեր, վերքային արյունահոսություն, քթի սալջարդ, քթի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ):

Աղբյուրի տեղեկություններով՝ բոլոր վիրավորները «Սևան Ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության անվտանգության աշխատակիցներ են:

Նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել հանրային լողափի հարակից տարածքից: