Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները շուտով կհանդիպեն. քայլեր են ձեռնարկվում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ առաջիկայում հնարավոր կլինի հրապարակել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին apa.az-ին հայտնել է ռուս համանախագահ Իգոր Պոպովը։

«Նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը», — ասել է նա։

Նրա խոսքով` միջնորդները նախկինի պես դժվարանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ հայտարարություն անել։

«Հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի նրբությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զերծ են մնում այդ թեմայով որևէ հրապարակային ելույթներից։ «Եռյակի» համապատասխան հայտարարությունը կարվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախատեսվող հանդիպման արդյունքներով», — ասել է Պոպովը։

Նրանք հույս ունեն, որ դրա անցկացման ժամկետները կարող են հրապարակվել առաջիկայում։

Հայաստանի ԱԳՆ-ում դեռ չեն շտապում մեկնաբանել հանդիպման հնարավորությունը։ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Sputnik Արմենիային ասաց, որ հենց հանդիպման օրվա ու վայրի հետ կապված հստակ պայմանավորվածություններ լինեն, արտգործնախարարությունը կտեղեկացնի այդ մասին։