Պատրուշևն ասել է` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ինչ դիրքորոշում ունի Մոսկվան

Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունության ու ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման կողմնակից է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում հանդիպել է ռուս գործընկերոջ` Նիկոլայ Պատրուշևի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

Պատրուշևն ու Գրիգորյանը միջազգային, տարածաշրջանային ու երկու երկրների ազգային անվտանգության վերաբերյալ մտքեր են փոխանակել` կարևորելով անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Զրուցակիցները կարևորել են հայ-ռուսական համագործակցության ու ռազմավարական գործընկերության բարձր դինամիկան, բարձրագույն մակարդակներում երկխոսության կառուցողական բնույթը, նաև նախարարությունների ու գերատեսչությունների շփումները։

«Հաստատվել է Ռուսաստանի դիրքորոշումը, որը տարածաշրջանում կայունության, արցախյան հիմնախնդրի փուլային կարգավորման կողմնակից է` հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը», — նշվում է հաղորդագրության մեջ։

Պատրուշևն ու Գրիգորյանը պայմանավորվել են 2019-2020 թվականների համար Ռուսաստանի ու Հայաստանի անվտանգության խորհուրդների աշխատակազմերի գծով համագործակցության նախագիծ պատրաստել ու հաստատել նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների վեցերորդ հանդիպման ժամանակ։