Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա
Մի քանի օր առաջ` հուլիսի 2–ին Ադրբեջանում զորքերի տարբեր տեսակների մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ են սկսվել։ Պաշտպանության նախարար Հասանովը հայտնել էր, որ զորավարժությունների հիմնական նպատակը «հայկական կողմին ադրբեջանական բանակի հզորությունը» ցուցադրելն է։
Զորավարժությունների մեկնարկի հաջորդ օրը, հուլիսի 3–ին, անկանխատեսելի իրադարձություններ են տեղի ունենում։ Մինգեչուրի ջերմաէլեկտրակայանում տեխնիկական խնդիրներ են առաջանում. շարքից դուրս եկած միայն մեկ տեխնիկական միավորը ամբողջ Ադրբեջանում քաոս ու մթություն սփռեց։ Բավականին անսպասելի դեպք, որը ցույց տվեց, թե ինչքան էին հարևաններն ուռճացրել սեփական ուժերի մասին իրենց պատկերացումները։ Այնպես չէ, որ օճառի պղպջակների մասին ոչ ոք ենթադրություններ չէր անում, սակայն դրանց իրական չափերը գերազանցեցին բոլոր սպասումները։
Երկրի գրեթե բոլոր բնակիչներին անհանգստություն պատճառած այդ իրադարձության հետ համընկան Գանձակի կրակոցները, որոնց թիրախում տեղական գործադիր իշխանության ղեկավարն ու անվտանգության ծառայության աշխատակցն էին։
Հասարակական-քաղաքական հարցերով Ալիևի խորհրդական Ալի Հասանովը հայտարարեց, թե «լրացուցիչ լարվածություն կարող է առաջացնել այն փաստը, որ վերջին վթարն ու հայտնի քրեական իրադարձությունները Ադրբեջանում միաժամանակ են տեղի ունեցել»։
Այսինքն` Հասանովը չի քաղաքականացնում այդ ահաբեկչությունը, վստահեցնելով, որ խոսքը «սովորական քրեական հանցագործության» մասին է։ Սակայն միաժամանակ նախագահի վարչակազմի հայտարարության մեջ նշվում է, որ «լրատվական կայքերի ու սոցիալական ցանցերի միջոցով ընդդիմադիրները փորձել են օգտվել երկրում ստեղծված իրավիճակից»։ Այսինքն` «օգտվելու փորձը» ներկայացվում է որպես կայացած փաստ։
Մի շարք վերլուծաբաններ Բաքվի պահվածքում տարօրինակ բաներ են տեսնում։ Այսպես, օրինակ, Ստանիսլավ Տարասովը հետևյալ հարցն է տալիս. «Ինչու՞ էր տեղական մամուլը սկզբում ներկայացնում ահաբեկչության կասկածանքով ձերբակալված Յունիս Սաֆարովին որպես «ծայրահեղ իսլամիզմին հակված մարդ», հետո հանկարծ` որպես սովորական հանցագործ։ Ինչու՞ են ուժեղ հսկում Գանձակի քաղաքապետի անվտանգության աշխատակցին, որին ուղղաթիռով Բաքվի նեյրովիրաբուժական հիվանդանոց են տարել, ու օպերատիվ քննչական խմբից բացի ոչ ոքի նրա մոտ չեն թողնում։
Այն, որ Մինգեչաուրում տեղի ունեցած վթարից հետո Ալիևը հրամայել էր խիստ հսկողության տակ առնել անվտանգություն ապահովող, էլեկտրաէներգետիկ, տրանսպորտի ու կոմունիկացիայի կարևոր ռազմավարական օբյեկտները, ռազմական ձեռնարկություններն ու բնակչությանը մատակարարող ձեռնարկությունները, տրամաբանության մեջ է, քանի որ մի ամբողջ երկիր կաթվածահար էր եղել։ Սակայն հավանաբար, երկրում ինչ–որ բան է տեղի ուենում` հանկարծակի կամ պլանավորված։
Արդյո՞ք տեղի ունեցածը դավադրություն էր` պետք է պարզեն Ադրբեջանի համապատասխան մարմինները։ Սակայն նույնիսկ եթե դա դավադրություն չէ (ենթադրենք, թեկուզ միայն իրավիճակը հասկանալու համար, էքստրեմալ իրավիճակներին իշխանությունների պատրաստ լինելու չափը պարզելու համար), եթե դա պարզապես զուգադիպություն է, ապա այդ պարագայում էլ մտորումները անմխիթար եզրահանգումների են տանում։
Եվ դրանք անմխիթար են ոչ միայն Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր պետությունների համար. եթե երկիրը կարելի է կաթվածահար անել մի անջատիչի օգնությամբ, ապա կարելի է ենթադրել, որ ապագայում դա կարող է կանխամտածված լինել, հենց իշխանափոխության նպատակով։ Հատկապես, որ իշխանական վերնախավի փոփոխությունների (ու իշխանափոխությունների փորձերի) փորձ կա։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի անկայունությունը մեծ լարվածություն կառաջացնի հարևան երկրներում։
Իսկ այն մասին, որ այդպիսի վտանգ կա, գոնե Բաքվում չեն բացառում. վկայությունը վթարի հետ կապված նախագահի վարչակազմի հայտարարությունն է։
«Ցավոք, որոշ ընդդիմադիրներ իրենց հսկողության տակ գտնվող լրատվական կայքերի ու սոցիալական ցանցերի միջոցով, Մինգեչաուրի ջերմաէլեկտրակայանում տեղի ունեցած վթարից ու Գանձակում պաշտոնյայի վրա զինված հարձակման դեպքից փորձելով օգուտ քաղել, պետության ու ժողովրդի շահերին հակասող դիրքորոշում զբաղեցնելով, փորձեցին հասարակության մեջ իրարանցում ստեղծել, հանրապետության կայունությունը խախտելու տրամադրություն ցուցադրեցին», – նշվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ որոշ լրատվական կայքեր, որոնք իրենց անկախ են համարում, միացել էին այդ խուճապային տրամադրություններին և չստուգված լուրերը ներկայացնելով որպես ստույգ տեղեկություն` քաղաքացիներին շփոթեցնելու փորձեր էին անում։
Ակնհայտ է, որ սրանք ծեծված արտահայտություններ չեն, որոնք այս դեպքերում պարտադիր բարձրաձայնում են։ Պաշտոնական իշխանամետ ադրբեջանական մամուլը կրկնօրինակում է խորհրդային մամուլի` դեռ մինչպատերազմական, 1930–ականների գործելաոճը։
Ագիտացիայի դրսևորումը գրեթե նույնն է` հնչողությամբ, բովանդակությամբ, ճշմարտության չնչին բաժնով, օգտագործվող բառապաշարով, ընդհուպ մինչև առանձին արտահայտություններն ու ձևակերպումները։ Ու եթե Ադրբեջանի նախագահի վարչակազմն այդպիսի հայտարարությամբ է հանդես գալիս, դա նշանակում է, որ «հանրապետության կայունությունը խախտելու» ու «քաղաքացիներին շփոթեցնելու» փորձեր իսկապես արվել են։
Լավ է, որ «հայկական հետք» չեն գտել։ Դա որոշակի լավատեսություն է ներշնչում։ Եվ այն, որ մարդկային զոհեր չեղան, պարզապես հիանալի է։
Պաշտոնական Բաքուն այդ իրադարձությունների դեպքում արտաքին սպառնալիքից չէ, որ պետք է վախենա, այլ ներքինից` ընդդիմադիրներից։
Թեև, ինչու՞ եմ ասում, պաշտոնական Բաքուն ինքն էլ դա լավ գիտի…
Ի դեպ` առավոտյան հաղորդագրություններ եկան, որ նույն չարաբաստիկ Մինգեչաուրի ՋԷԿ–ում կրկին հրդեհ է։ Փառք Ալլահին, ամեն ինչ ժամանակին մարեցին։