Ուզում էր պատանդ վերցնել Հայաստանի դեսպանին. Վրաստանում դատելու են կոչեր անող քաղաքացուն

2016 թվականին Արցախում իրավիճակի սրման ժամանակ ոմն քաղաքացի սոցցանցերում կոչ էր արել ներխուժել Վրաստանում Հայաստանի դեսպանատուն և դեսպանին պատանդ վերցնել։ Այժմ նրան դատելու են ահաբեկչության կոչի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Վրաստանում քրեական պատասխանատվության կարող են ենթարկել այն քաղաքացուն, որը ապրիլյան քառօրյայի ժամանակ սոցցանցերի միջոցով կոչ էր անում ներխուժել Թբիլիսիում Հայաստանի դեսպանատուն և պատանդ վերցնել դեսպանին (այն ժամանակ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Յուրի Վարդանյանը), հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով վրացական ԶԼՄ-ներին։

«Արտահոսում եմ, օգնեք». հայտնի երգչին դանակահարել են Թբիլիսիում

«Ինտերպրեսնյուս» գործակալության տվյալների համաձայն` գործի նյութերը գաղտնագրված են։ Վրաստանի քաղաքացուն մեղադրում են ահաբեկչության կոչ անելու համար։ Փաստաթղթերում գրված է, որ 2016 թվականին Facebook սոցցանցում մեղադրյալը Վրաստանում ապրող ադրբեջանցիներին կոչ է արել հավաքվել Հայաստանի դեսպանատան մոտ, այրել հայկական եռագույնը, ներխուժել շենք և դեսպանին պատանդ վերցնել։

Թեև կոչերին ոչ ոք չէր արձագանքել, սակայն երկու տարի անց ծայրահեղական բովանդակություն ունեցող գրառումների հեղինակի դեմ քրեական հետապնդում է սկսվել։

«Հետաքննությունն այս ընթացքում սպասում էր պաշտոնական հաստատման, այդ թվում Facebook սոցցանցից, այն մասին, թե իրականում ով էր գրառման հեղինակը», — «Ինտերպրեսնյուսին» է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

Քաղաքացուն պաշտոնական մեղադրանք է առաջադրվել, դատարանը նրան ազատ է արձակել գրավի դիմաց։ Նշված գործի վերաբերյալ դատական գործընթացը շարունակվում է։