Սաշիկ Սարգսյանի որդին առերես հարցաքննվել է. նա կասկածվում է սպանության փորձ կատարելու մեջ

11 տարի առաջ կարճված քրեական գործը վերաբացվել է։ Կասկածյալը ՀՀ նախկին նախագահի եղբորորդին է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը կասկածվում է սպանության փորձ կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

34-ամյա Հայկ Սարգսյանի մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություն։

Քրեական գործը վերաբերում է 2007թ-ին տեղի ունեցած հանցագործությանը։

2007 թ-ի ապրիլի 1-ին երեկոյան, Երևանի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Ալեքսանդր Սարգսյանի տան մոտ հնչած կրակոցից ստացած վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 25-ամյա Դ. Սիմոնյանը։

Ալեքսանդր Սարգսյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է տնից

Նույն օրը ոստիկանություն է ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակը, որից արձակվել էր կրակոցը, և հայտնել, որ այն գտել է մանկապարտեզի մոտից ու անզգուշությամբ կրակել ընկերոջ` Դ. Սիմոնյանի վրա։

Այս փաստով հարուցված քրեական գործը որոշ ժամանակ անց կարճվել էր` տուժողի հետ հաշտվելու հիմքով, քանի որ Դ. Սիմոնյանը բողոք չէր ներկայացրել։

11 տարի անց` 2018 թ-ի հունիսի 29-ին Դ. Սիմոնյանը դիմում է ներկայացրել դատախազություն՝ նշելով, որ իրեն կրակել և մարմնական վնասվածքը պատճառել էր ոչ թե Ա. Ղևոնդյանը, այլ Հայկ Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։

Իսկ ընկերը կեղծ ցուցմունք էր տվել, քանի որ Սարգսյանները սպառնացել էին, որ հակառակ դեպքում երկար չի ապրի։

Տարիներ առաջ կարճված քրեական գործը նոր հանգամանքների ի հայտ գալուց հետո վերաբացվել է։ Հայկ Սարգսյանը ներգրավվել է գործին` կասկածյալի կարգավիճակով։