ՀՀ նախագահը կտրեց «սահմանադրությունը», լրագրողներն օգնեցին

Սահմանադրության օրը նշվեց խորհրդանշական տորթով, իսկ տորթը կտրելու պատիվը վերապահվեց ՀՀ նախագահին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Սահմանադրության օրը Սահմանադրական դատարանում նշվեց ծննդյան արարողության ընթացակարգով։ Ծննդյան տորթը սահմանադրության տեսքով էր։ Ինչպես ասաց ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ-ի աշխատակազմը նախապես մտահոգված էր, թե ում կարող է սահմանադրությունը կտրելու իրավունք վերապահվել, հատկապես, որ «սահմանադրությունն անձեռնմխելի է»։

Ի վերջո, որոշվեց այդ իրավասությունը վերապահել ի պաշտոնե սահմանադրության երաշխավոր ՀՀ նախագահին։ Արմեն Սարգսյանը, սակայն, չցանկացավ միայնակ ստանձնել այդ պատասխանատվությունն ու ներկա լրագրողներից երկուսին առաջարկեց օգնել իրեն։

Տորթը կտրվեց, բաժակները լցվեցին, ՀՀ նախագահն օրվա առիթով շնորհավորեց ներկաներին ու փոքրիկ առանձնազրույցներ ունեցավ ՀՀ արդարադատության նախարարի, ՄԻՊ-ի, ՍԴ նախագահի, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ։

Մինչ այդ ՍԴ նախագահն ու ՀՀ նախագահը հանդես եկան շնորհավորական ելույթներով։ Հրայր Թովմասյանն իր խոսքում ցավ հայտնեց, որ Սահմանադրության օրը հայաստանյան հասարակության գիտակցության մեջ դեռ չի արմատավորվել որպես համապետական տոն։

«Այդ օրը հատուկենտ շնորհավորանքներ հնչում են, բայց համատարած տոնի զգացողություն դեռ չկա, թեև Սահմանադրության օրն իր խորհրդով զիջում է թերևս միայն Անկախության օրվան»,- ասաց նա։

Արմեն Սարգսյանն էլ նշեց, որ ՀՀ սահմանադրությունն է այն հիմնարար փաստաթուղթը, որ երաշխավորում է մեր անկախությունն ու ազատությունը, օրենքի գերակայությունն ու ժողովրդի ինքնիշխանությունը։

«Հերթական տարեդարձի օրը կարող ենք արձանագրել, որ ոչ միայն ինքնիշխան զարգացող, այլև միջազգային ասպարեզում բարձր վարկանիշ ունեցող երկիր ենք»,- ասաց ՀՀ նախագահը։

Քանի՞ անգամ է փոխվել ՀՀ սահմանադրությունը

Տոնական միջոցառման ավարտին ՍԴ շենքից հեռանալիս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` ասելով միայն, որ գործող Սահմանադրությունը բավարար է իր լիազորությունները լիովին կատարելու համար։

Հայաստանի Հանրապետության Մայր օրենքն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը հռչակվեց պետական տոն:

Ընդունումից հետո այն երկու անգամ փոփոխվել է` 2005 և 2015թթ-ին։

2015-ին ընդունված գործող Սահմանադրությամբ Հայաստանը կիսանախագահականից անցում կատարեց խորհրդարանական կառավարման մոդելին։