Փաշինյանն ասել է, թե ուր կուղղվեն բացահայտումների արդյունքում վերադարձված փողերը

Վարչապետը հայտարարել է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներին, որ խաղի կանոններն արդեն փոխվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Կոռուպցիոն սխեմաների բացահայտումների արդյունքում պետությանը վերադարձված միջոցներից 10 մլրդ դրամը կհատկացվի սուբվենցիաներին։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսի քաղաքապետարանում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան՝ սկսած ինձնից. Փաշինյան

«Մենք տարածքային կառավարման նախարարի և Սյունիքի մարզպետի հետ քննարկել ենք մարզերին օգնություն ցուցաբերելու հարցը։ Նախնական հանգել ենք հետևության, որ կարելի է իրագործել սուբվենցիայի ծրագրերը», — ասաց նա։

Վարչապետն առաջնահերթ խնդիր է համարում պետբյուջեից հատկացվող միջոցների թիրախային օգտագործումը։ Նրա խոսքով` որքան արդյունավետ լինեն ծախսերը, այնքան առարկայական կլինեն արդյունքները։

Վարչապետն ավելացրել է, որ Հայաստանի կառավարությունը տրամադրված է կառուցողական աշխատանքի համայնքների ղեկավարների հետ։

Նա նշել է, որ անհրաժեշտ է մոբիլիզացնել ուժերը` տեսանելի փոփոխությունների հասնելու համար։ Նրա խոսքով` մարդիկ պետք է իրենց վրա զգան այդ փոփոխությունները։

Փաշինյանը կրկին նշել է, որ իշխանների, իշխանիկների, ֆեոդալների ժամանակն անցել է։