ԵՐԵՎԱՆ, 5 Հուլիս — Sputnik. Հայաստանյան դեղատներում վաճառվող կասկածելի ծագմամբ «Ավելոքս» և «Պուրոքսան» դեղերը մեր երկրում հայտնվել են անօրինական ճանապարհով: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիան Եղիազարյանն արձագանքել է սոցիալական կայքերում բարձրացած աղմուկին և այդ մասին գրառում է արել Facebook սոցիալական ցանցում։
«Դրանք ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղերից տարբերվում են թե՛ արտաքին տեսքով, թե՛ արտադրության երկրով և թե՛ գրանցման սերիական համարով»,- հայտնում է նա։
Հայտնաբերված անօրինական դեղամիջոցները փորձաքննության են ենթարկվում ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում: Մինչ փորձաքննության արդյունքների հրապարակումը, առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հայտնաբերված «Ավելոքս» դեղամիջոցը «Բայեր» ֆիրմայի արտադրության է՝ նախատեսված թուրքական շուկայի համար, ինչը փաստում են նաև դեղի տուփի վրայի նշագրումները: Հայաստանում «Ավելոքս» դեղը գրանցված է, սակայն 400 մգ դեղաչափով 5 հաբանոց տուփերի տեսքով: Իսկ նշված «Ավելոքսը» 7 հաբ պարունակող տուփով է և տարբերվում է արտաքին տեսքով, գույնով:
«Պուրոքսանի» ներդիրն ամբողջությամբ ադրբեջաներեն է՝ հաստատված Ադրբեջանի կողմից 2014 թվականին: Այս դեղամիջոցը ևս, առողջապահության նախարարի խոսնակի հաղորդմամբ, ևս չէր կարող օրինական ճանապարհով հասնել Հայաստան: «Մեր երկրում «Պուրոքսանի» գրանցման ժամկետն ավարտվել է, այն այժմ վերագրանցման փուլում է: Մինչ այժմ այս դեղամիջոցը Հայաստան է ներմուծվել՝ ձեռք բերվելով ուղիղ բելգիական արտադրողից»,- նշում է Եղիազարյանը։
Հայտնաբերված դեղերը, փաթեթավորումից դատելով, ժամկետանց չեն:
Առողջապահության նախարարությունը դիմել է իրավապահներին՝ պարզելու, թե ինչ ճանապարհով են դրանք հասել հայաստանյան շուկա: