Փոխվարչապետը չի բացառում` վաղը կարող է որևէ ՔՊ–ական ձերբակալվի

Կոռուպցիոն բացահայտումների արդյունքում ձերբակալվել են միայն ՀՀԿ–ականներ։ Իշխանությունը չի բացառում, որ այլ կուսակցության անդամներ էլ կձերբակալվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չի բացառում, որ վաղը ձերբակալվի կոռուպցիայի հետ կապ ունեցող իրենց որևէ կուսակից։ Այս  մասին նա ասաց այսօր, լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով հնչող այն գնահատականներին, թե բոլոր բացահայտումները վերաբերում են միայն ՀՀԿ–ականներին։

Թմրանյութեր, զենք, թանկարժեք նկարներ և զարդեր. հետախուզվում է Սերժ Սարգսյանի եղբորորդին

«Այն մարդիկ, ովքեր թալանել են, պաշտոնյաներ են եղել և ՀՀԿ–ականներ են եղել։ Մենք մեղավո՞ր ենք դրանում։ Հիմա կարող է վաղը որևէ ՔՊ–ական ձերբակալվի, որն ինչ–որ թալան է իրականացրել, բայց մի քիչ կասկածում եմ, քանի որ ՔՊ–ականները նման ռեսուրսներ չեն ունեցել»,– ասաց նա` վստահեցնելով, որ պատասխան տալու են բոլոր թալանչիները` անկախ կուսակցական պատկանելությունից։

Այդուհանդերձ, Արարատ Միրզոյանը չի բացառում, որ առաջիկայում նոր բացահայտումներ կլինեն։

Ինչ վերաբերում է հուլիսի 3-ին Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի տանն իրականացված օպերատիվ գործողություններին ու Ալեքսանդր Սարգսյանի գտնվելու վայրին ու կարգավիճակին, Արարատ Միրզոյանը հրաժարվեց պատասխանել` խորհուրդ տալով սպասել իրավապահների հայտարարություններին։