Նախիջևանի թեման քննարկել են Տոնոյանն ու Կասպրչիկը

ՀՀ պաշտպանության նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՀՀ ՊՆ վարչական համալիրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 4-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է նախիջևանյան ուղղությամբ օպերատիվ իրավիճակի և վերջին օրերի զարգացումների մասին՝ անդրադառնալով դրանց հնարավոր հետևանքներին:

Իր հերթին դեսպան Կասպրչիկը Դավիթ Տոնոյանին իրազեկել է բանակցային գործընթացում առաջիկա օրակարգային խնդիրների վերաբերյալ:

Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ: