Իրանը չի հանդուրժի հյուսիսից հրահրվող ապակայունացումը

Իրանը երկիր է, որը մեծ կշիռ և ազդեցություն ունի ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Հարավային Կովկասում։ Իրանում կամ նրա շուրջ իրավիճակի ցանկացած ապակայունացում անհապաղ անդրադառնում է ամբողջ մեծ ու պայթյունավտանգ տարածաշրջանի վրա։ Իրանի կայունությունը խախտելը հեշտ չէ, սակայն փորձերը չեն դադարում։
Sputnik

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա


Եթե Իրանում ներքին գործընթացների ապակայունացումը շարունակվի և ավելի զգայուն դառնա, ապա դա անպայման որոշակի չափով կթուլացնի երկրի դիրքերը Մերձավոր Արևելքում, որտեղ Թեհրանը` Վաշինգտոն–Թել Ավիվ-Էր Ռիյադ առանցքի հակակշռի դեր ունի։ Արտաքին ազդեցությունն ու դրա ապակառուցողական հետևանքները երկրին դեռ հաջողվում է նվազագույնի հասցնել, սակայն Իրանի վրա ազդելու որևէ լուրջ փորձեր փաստացի դեռ չեն արվել Հարավային Կովկասից. եթե ինչ–որ բան տեղի էլ ունենա, դա կլինի նախևառաջ Ադրբեջանի միջոցով։

Իրան-Ադրբեջան երկաթուղու կառուցումը կանգնել է. Երևանը կարող է շրջանցել Բաքվին

Իրանն ու Ադրբեջանը պաշտոնապես համաձայնել են միմյանց դեմ չգործել։ Սակայն հարցն այն է, որ, թեև երկու երկրների միջև հարաբերությունները լավ ու բարեկամական են թվում, դրանք լի են ստորջրյա խութերով։ Ու թեև Իրանի ներկայությունն, ասենք, Նախիջևանում, ծանրակշիռ է, այն անդրադառնում է միայն մշակութա–կրոնական ասպեկտներին, իսկ ռազմաքաղաքական  առումով այնտեղ գերիշխում է Թուրքիան։ Իրանից մեծ հաշվով կախված է Ադրբեջանի ներքին քաղաքականության և կյանքի իսլամացման ուղղությունն ու արագությունը, սակայն իսլամացմանը բացահայտ կերպով հակազդում և դիմադրում է երկրի ներկայիս աշխարհիկ իշխանությունը։

Ադրբեջանցիներն Իրանում ավելի շատ են, քան բուն Ադրբեջանում և հասկանալի է, որ արտաքին խաղացողները, եթե նրանք որոշեն Իրանի դեմ գործել, կփորձեն նախևառաջ այդ քարտը խաղարկել։ Այդ պատճառով էլ Իրանը կտրականապես դեմ է ցանկացած լարվածության` իր հյուսիսային սահմանի մոտ։ Չէ՞ որ նախագահ Ռոուհանին հայտարարել էր, որ հանկարծ ինչ–որ բան լինի «Իրանը ձեռքերը ծալած չի նստի»։ Եվ դա էր պատճառներից մեկը, թե ինչու Ադրբեջանի բանակի ստեղծման 100-ամյա առիթով կազմակերպած զորահանդեսին Բաքու էր ժամանել Իրանի մշակույթի նախարարը։ Այլ ոչ թե պաշտպանության նախարարը կամ գոնե նրա տեղակալը, ինչն ավելի տրամաբանական կլիներ։

Ադրբեջանի կողմից Հայաստանի և Նախիջևանի սահմանին իրավիճակը սրելու ֆոնին էլ հենց նախօրեին տեղի ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հանդիպումը։ Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություններում նշված էր, որ բացի երկկողմ շահերը ներկայացնող հարցերից, քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր։

Շատ իսրայելական զենք ու քիչ իրանցի նախարարներ. տարածաշրջանում ինչ–որ բան է փոխվել

Իրանի համար այժմ կատակելու ժամանակը չէ. երկրի տնտեսական անվտանգությանը  բազմաթիվ մարտահրավերներ են սպառնում, կապած նախևառաջ իրանական նավթի վաճառքից ստացված եկամուտները զրոյացնելու Վաշինգտոնի ձգտման հետ։ Այդ նպատակին հասնելու համար ամերիկացիների կողմից կիրառված պատժամիջոցները լուրջ ու բազմակողմանի են։ Նախագահ Ռոուհանին վերջերս հայտարարել էր. «Եթե ԱՄՆ–ն շարունակի ստիպել իր դաշնակիցներին հրաժարվել իրանական նավթ գնելուց, ապա դրա արտահանումը Մերձավոր Արևելքի երկրներից կվտանգվի, իսկ ԱՄՆ–ի ձեռնարկած քայլերը հետևանքներ կունենան»։

Ակնհայտ է, որ ԱՄՆ–ն Իրանի հետ ռազմական առճակատման հիմա չի գնա։ Թեհրանը,  որը վերջին տասնամյակներին ինտերվենցիայի մշտական վտանգի տակ է, հզոր բանակ ունի, հավանաբար ունի նաև պատասխան հարվածների լավ մշակված ծրագիր։ Այդ երկրի համար բարդ չի սահմանափակել դեպի Պարսից ծոց ԱՄՆ–ի հասանելիությունը, բացի այդ` նրա տնօրինության տակ կան քաղաքական և կրոնական պայքար վարելու գործիքներ։

Այս ֆոնին, իսկապես, Իրանին միայն հյուսիսային սահմանների ապակայունացումն էր պակաս։ Ապակայունացումն այնտեղ առկա է Արցախյան հակամարտության տեսքով, և Ռոուհանին նախազգուշացնում էր Ադրբեջանին, որ հետ մնա այն թեժացնելու փորձից։  Ինչո՞ւ Ադրբեջանին, ոչ թե Հայաստանին` պարզ է. Հայաստանի համար հակամարտությունը սրելն անիմաստ է, և Իրանում դա քաջ գիտակցում են։

Լավատեսություն չի ներշնչում նաև Մինգեչաուրի ՀԷԿ–ում վերջերս տեղի ունեցած միջադեպը, որտեղ հանկարծակի խնդիր է առաջացել։ Միակ էներգետիկ հանգույցում տեղի ունեցած վթարի հետևանքով ամբողջ երկիրը իսկական կոլապսի մեջ է. երկիրն ընկղմվեց մթության մեջ, ջրազրկվեց, կանգնեց տրանսպորտը, դադարեց գործել կապը։

Նման իրավիճակում ոչ միայն Իրանի, այլ տարածաշրջանի ցանկացած պետության մոտ պետք է բնական մտահոգություն առաջանար` արդյո՞ք Ադրբեջանի գովերգած թվային ու նորագույն զենքերը, որ այդչափ պարծանքով ցուցադրում էին զորահանդեսների ժամանակ, նման քաոսի պայմաններում չեն սկսի հանկարծ անվերահսկելի և անկանխատեսելի ուղղությամբ կրակել։

Եվ սա այդքան էլ ֆանտաստիկ սցենար չէ` հաշվի առնելով բուռն երևակայություն ունեցող սցենարիստների առկայությունը։