Մեղադրանք «Ֆլեշի» նախագահին. գործում ինքնիրավչության և բռնության հատկանիշներ կան

«Բարսեղ Բեգլարյանը բռնության գործադրմամբ և սպառնալիքով «Ֆլեշ Մոտորս»–ի նախկին կոմերցիոն տնօրենից պահանջել է անվանափոխել վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար»:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք —Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին`բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը կասկածվում է ինքնիրավչության մեջ

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են. պարզվել է,որ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս»  ընկերությունից 2015թ.–ին իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն։

Ընկերության սեփականատերն ու հարազատները այս ամենի համար մեղադրել են «Ֆլեշ Մոտորս»–ի նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Բեգլարյանի հայրը՝ «Ֆլեշ»-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը՝ հարազատների հետ միասին, ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ, բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով որպես վնասի փոխհատուցում պահանջել է, անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար:

Արդյունքում նախկին կոմերցիոն տնօրենը, Բ.Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլի 25-ին գրավադրել է բանկում, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել է ընկերությանը:

Ապացույցների հիման վրա՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: