ԵՄ դեսպանին մտահոգում է Ադրբեջանի իշխանությունների պատերազմական հռետորաբանությունը

ՀՀ–ում ԵՄ դեսպանն ու ԱԽ քարտուղարը քննարկել են սահմանային լարվածությունն ու Ադրբեջանի պատերազմական հռետորաբանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում մտահոգություն է հայտնել սահմանային լարվածության առնչությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` մանրամասներ ներկայացնելով հանդիպումից։

«Մենք համակարծիք էինք, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք։ Միաժամանակ դեսպանը նշեց, որ կիսում է իմ մտահոգությունը` կապված Ադրբեջանի իշխանությունների պատերազմական հռետորաբանության ու ատելության խոսքի խրախուսման հետ»,- նշում է Գրիգորյանը:

Սվիտալսկին ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին սպասվող բարեփոխումների շրջանակներում, ընդլայնել համագործակցությունն ու երկխոսության նոր հարթակներ ստեղծել:

Արմեն Գրիգորյանն իր հերթին վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` ամրապնդելու համագործակցությունը Եվրոպական Միության հետ` քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության կայացման, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարի, փորձի փոխանակման և կիբեռանվտանգության ոլորտներում: