Ռուսաց լեզվի ուսուցման խնդիրն են քննարկել Արայիկ Հարությունյանն ու Սերգեյ Կոպիրկինը

Համատեղ կրթական ծրագրեր են քննարկել ՀՀ կրթության նախարարն ու Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ շնորհավորելով ՌԴ դեսպանին նշանակման առթիվ՝ Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ Սերգեյ Կոպիրկինն իր առաքելության ընթացքում կնպաստի կրթության և գիտության ոլորտում առկա ռազմավարական  հարաբերությունների առավել խորացմանը և ընդլայնմանը:

Հայաստանը կարող է դառնալ կամուրջ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Բաբլոյանն ընդունել է ՌԴ դեսպանին

ԿԳ նախարարը նշել է, որ կրթության ոլորտը նոր կառավարության առաջնահերթություններից է և այդ համատեքստում ընդգծել է, որ արդեն կրթության տարբեր աստիճաններում նախանշվում են  համագործակցության որոշակի ուղղություններ ու նախագծեր:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՌԴ  դեսպանը հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը՝  Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև գիտակրթական ոլորտում ռազմավարական փոխգործակցության շարունակականությունը ոչ միայն ապահովելու, այլև դրանք առավել զարգացնելու և խորացնելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ռուսերենի դասավանդման խնդրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացումը Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից է` միաժամանակ շեշտելով, որ իրականացվող համակարգային բարեփոխումները նպաստելու են դպրոցներում դասավանդվող բոլոր առարկաների որակի բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ու գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերվող  այլ հարցեր: