Նիկոլ Փաշինյանը գրառում է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին

Փաշինյանը վերահաստատում է, որ ՀՀ նոր իշխանությունը չի հանդուրժելու չարաշահման որևէ դրսևորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նվազեցնելու, այլ ավելացնելու են սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ: Ֆեյսբուքյան գրառման այս տեսակետն է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ապացուցում ենք և ապացուցելու ենք, որ չենք հանդուրժի չարաշահման որևէ դրսևորում»,- գրել է վարչապետը` անդրադառնալով ԱԱԾ-ի երեկվա բացահայտմանը։

Հուլիսի 3-ին ԱԱԾ-ն յուրացումներ կատարելու, հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության`Վարդանյանը խոստովանել է, որ 2016-2018 թվականներին հիմնադրամի բանկային քարտից 130 մլն դրամի խաղադրույքներ է կատարել օնլայն կազինոներում։

Վարդանյանը հայտնել էր, որ վարկային քարտից վատնած միջոցները վերադարձրել է հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ, անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն` դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: