Ռոբերտ Քոչարյանից առաջ պիտի հարցաքննվի Տիգրան Թորոսյանը. Փաստահավաք խմբի անդամ

Ինչպես Մարտի 1-ի գործով գաղտնի փաստաթուղթը հայտնվեց փաստահավաք խմբի մոտ։ Նոր մանրամասներ է ներկայացնում Անդրանիկ Քոչարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. 2008 թ.-ի ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը փաստահավաք խմբի մոտ նշեց Ռոբերտ Քոչարյանին` առանց նրա անունը տալու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը ներկայացնում է, թե ինչպես 0038 գաղտնի փաստաթուղթը հայտնվեց իրենց ձեռքերում և բացատրում, թե ինչու է կարևոր բոլոր իրական մեղավորներին պատժելը։

Մարտի 1-ի նոր «զոհերը». Քոչարյան-Սարգսյան տանդեմի շուրջ օղակը սեղմվո՞ւմ է

«Կարծում եմ` Միքայել Հարությունյանը կվերադառնա Հայաստան, եթե, իհարկե, այստեղ չէ, և փաստահավաք խմբին կներկայացնի իր ունեցած ամբողջ տեղեկատվությունը, 0038 հրամանի կիրառման ամբողջ ծավալը, և մնացած բոլոր զինվորականները կհրավիրվեն հարցաքննության։ Դրանից հետո միայն խնդիր կառաջանա հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին»,-ասում է փաստահավաք խմբի անդամն ու հավելում, որ հենց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության շահերից է բխում ներկայացնել ամբողջ իրողությունը։

00-ով թվանիշերով համարակալած գործերը նշանակում են, որ դրանք խիստ գաղտնի են։ Փաստահավաք խմբի անդամի հավաստմամբ`նախկին իշխանություններն այնպիսի հրաման էին ստորագրել տվել Միքայել Հարությունյանին, որի մասին որևէ մեկը պետք է տեղեկություն չունենար։ «Մեր փաստահավաք խմբի ձեռքբերումներից մեկն էլ այն էր, որ խիստ գաղտնի հրամանը հայտնվեց մեր ձեռքում։ 0038 հրամանն անհերքելի ապացույց էր մարտի 1-ի դեպքերին բանակի մասնակցության մասին։ Իրենք կիրառել են բանակի հնարավորությունները առանց դրա սահմանադրական իրավունքն ունենալու»,-ասում է Քոչարյանը։

Մարտի 1–ի գործով կհարցաքննե՞ն Քոչարյանին. ՀՀ գլխավոր դատախազի պատասխանը

Նրա խոսքով` այսօր Ռոբերտ Քոչարյանից առաջ պետք է բացատրություն տա նաև Տիգրան Թորոսյանը` այն օրերի ԱԺ նախագահը, նա հաստատ ասելիք կունենա։ «Քանի դեռ Տիգրան Թորոսյանն այստեղ է, Քոչարյանից առաջ արժե նրան լսել, որովհետև սա խմբակային որոշման արդյունքում է տեղի ունեցել։ Սահմանադրությունը խախտել են բոլորը միասին` և՛ Վարդան Օսկանյանը, և՛ այն օրերի կառավարության և ԱԺ ղեկավարները, և՛ Աղվան Հովսեփյանը, որ այն ժամանակ գլխավոր դատախազն էր։ Նրանք պիտի գան և պատասխան տան օրենքի առաջ, հակառակ դեպքում նրանց կհետախուզի պետությունը և բերման կենթարկի»,-հիշեցնում է փաստահավաք խմբի անդամը։

Անդրանիկ Քոչարյանը համոզված է`Միքայել Հարությունյանը իրականացրել է հակասահմանադրական գործառույթ` բանակը ներքաշելով քաղաքական գործողությունների մեջ, որի համար անձամբ պիտի պատասխան տա։ Ովքեր իրեն են հրահանգ տվել, նրանք էլ պիտի պատասխան տան, ովքեր մասնակից են եղել այս հակասահմանադրական գործողություններին` բոլորը պետք է պատասխան տան։ «Դրանից հետո մեր երկիրը կառողջանա, և ապագայում իշխողները կհասկանան, որ հավերժ չեն և չեն կարող ինչ ուզեն անեն երկրի նկատմամբ»,-նշում է Քոչարյանը։