Հայաստանի կառավարությունը կաշխատի հայկական համակարգիչներով

ՀՀ կառավարությունը հրաժարվել է նախկին համակարգիչներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիս — Sputnik. ՀՀ կառավարության անդամներն այսօրվանից կաշխատեն նոր` հայկական արտադրության Արմթաբ համակարգիչներով: Այս մասին հուլիսի 4–ի կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն` ասելով. «Ինչպես տեսնում եք մոտեցումը փոխվել է, և մենք այսուհետ կաշխատենք հայկական համակարգիչներով»:

Հայաստանում կստեղծվի Ռազմական արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտ

Նոր տեխնիկայով առայժմ ապահովվել է փոքր դահլիճը, որտեղ էլ այսօր անց է կացվում գործադրի նիստը: Նիստերի դահլիճում վերազինման աշխատանքները դեռ ավարտված չեն:

«Սա քաղաքական մոտեցում է: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Ընդ որում` ոչ միայն ծրագրային ապահովման,այլև արտադրանքի իմաստով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտարարեց, որ Ազգային ժողովին ևս առաջարկվելու է անցնել հայկական արտադրության համակարգիչների:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին ևս կոչ արեց գնումներ անելիս նախապատվությունը տալ հայրենական արտադրության ապրանքներին: