ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Նրանք, ովքեր ապօրինի են միացել ջրատարին, իրենց միացումները ձևակերպելու հնարավորություն կունենան։ Այս մասին որոշումը հուլիսի 4-ի նիստում ընդունել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։
Եթե հայտնաբերեն ջրատարին ապօրինի միացած անձանց, նրանց կառաջարկեն ժամանակավոր պայմանագիր կնքել 90 օրով, որոշ դեպքերում՝ մինչև 150 օրով։ Այդ նորմը գործում է, եթե միացումը պահանջում է լրացուցիչ աշխատանք, օրինակ` եթե պետք է պոմպ տեղադրել կամ 500 մետր և ավելի երկարությամբ խողովակ անցկացնել։
«Այսինքն, եթե օպերատորն ասի, որ պետք է միանալ 100 մետր վերև, նշանակում է պետք լինի 100 մետր վերև։ Եթե օպերատորն ասի, որ խողովակի տրամագիծը պետք է փոքրացնել, նշանակում է՝ պետք է փոքրացնել», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանը։
Իսկ եթե անօրինական միացումն աղտոտի խմելու ջուրը կամ ցանցում վթարի սպառնալիք ստեղծի, նույնիսկ ժամանակավոր պայմանագիր չեն կնքի, ուղղակի կզոդեն միացումը և հարցը կփակեն։
Հանձնաժողովի դիտարկումների համաձայն` 2018թ-ի մայիսին հայտնաբերված անօրինական միացումները 20 հազար խորանար մետրի ծանրաբեռնվածություն են ստեղծել ցանցի համար։
Հայաստանի ջրամատակարարման օպերատորը «Վեոլիա ջուրն» է։ Վերջին օրերին ընկերությունը խոշոր վթարների է բախվել, որոնց պատճառով Երևանի որոշ շրջաններում ջուր չի եղել, իսկ քաղաքում օդի ջերմաստիճանը տատանվում է +40-ի սահմանում։ Մինչև շաբաթվա վերջ խոստանում են իրավիճակը շտկել։