ԱԱԾ–ն կպարզի` «Հայաստան» հիմնադրամի տնօրենը ճիշտ է, թե՞ ոչ

Այն փաստը, որ Արա Վարդանյանն օգտվել է հիմնադրամի վարկային գծից, արդեն իսկ քրեորեն պատժելի է, ասում է ԱԱԾ պետը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ԱԱԾ պարզում է` «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը հափշտակված գումարը հիմնադրամ վերադարձրել է, թե՞ ոչ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

Վանեցյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն քննություն է իրականացնում՝ պարզելու` արդյո՞ք Վարդանյանը ճիշտ է ասել, թե ոչ:

Ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը. տեսանյութ

«Հստակ գիտենք, որ մոտ 130 մլն դրամ է հանել հիմնադրամից ու խաղացել խաղատներում: Պետք է ստուգումներ լինեն, որոնց ավարտին կտեղեկացնենք արդյունքների մասին»,- ասաց ԱԱԾ տնօրենը՝ ընդգծելով, որ այն փաստը, որ Արա Վարդանյանն օգտվել է հիմնադրամի վարկային գծից, արդեն իսկ քրեորեն պատժելի է:

Հիշեցնենք, որ հուլիսի 3–ին ԱԱԾ–ն տեղեկություն տարածեց, որ ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։ Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Ըստ իր խոսքերի` վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ, անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն` դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: