Օսիպյանը ջրի վրա սայթաքելուն չի հավատում

Ոստիկանապետը հիշեցրել է` իրավապահներն առաջնորդվել են տուժողի տված հայտարարությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Գագիկ Ծառուկյանի ու նրա թիկնապահի անվան հետ կապվող քրեական գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովի` սայթաքել, ընկնելու վարկածին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի հավատում։ Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում։

«Եթե ընկնելուց հնարավոր է նման վնասվածքներ ստանալ, ուրեմն ամեն երրորդը հանրապետությունում կարող է նման վնասվածքներով ման գալ»,- ասաց Օսիպյանը` հավելելով, որ չի կարծում, թե դա համապատասխանում է իրականությանը։

«Ոստիկանությունը նման հայտարարություն է արել տուժողի հաղորդման հիման վրա։ Թե հետո ինչ եղավ, դուք կարող եք ինքներդ եզրակացնել»,- լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Օսիպյանը։

Ինչու է ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը. մանրամասներ

Հիշեցնենք` ՀՀ ոստիկանությունը երեկ հայտարարել էր, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքից մարմնական վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 50-ամյա տղամարդը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է Գագիկ Ծառուկյանի, ապա նրա անվտանգության ղեկավար Էդուարդ Բաբայանի հասցրած հարվածներից։

Ավելի ուշ տուժող Վյաչեսլավ Հարությունովի կինը` Լիլիթ Հակոբյանը, հայտարարել էր, որ ամուսնուն որևէ մեկը չի ծեծել, նա սայթաքել է ջրի վրա ու ընկել աթոռին։ Կինը վստահեցրել էր, որ իրենք ոստիկանություն բողոք չեն ներկայացրել։

Նշենք, որ երեկ ոստիկանության ներկայացրած փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել` առողջությանը ծանր վնաս պատճառելու հիմքով։ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է։

Ավելի ուշ քրեական գործը փոխանցվել է ՀՔԾ վարույթ, քանի որ տվյալներ են ձեռք բերվել` քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։