Դատարանը բաց է թողել երեխայի մահվան պատճառ դարձած վարորդին

Opel–ի վարորդն ազատ է արձակվել երկու հազար դոլար գրավի դիմաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Երևանի Շենգավիթ շրջանի ընդհանուր իրավասության դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել վարորդին, որը մեկ տարեկան փոքրիկի մահվան պատճառ էր դարձել։ Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի էր ունեցել Երևանում այս տարվա ապրիլի 23-ին։

Երևանում ամուսինը կնոջը գլխիվայր նետել է երկրորդ հարկի աստիճանավանդակից

Վարորդի ազատման մասին տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Համազասպուհի Գրիգորյանը։ Նրա խոսքով` վարորդի արարքը որակավորվում է որպես անզգուշությամբ մահ պատճառել։ Դատարանը համարել է, որ նրա պաշտպանյալին կարելի է ազատել կալանքից 1 միլիոն դրամի դիմաց։ Նախաքննությունը շարունակվում է։ 

Գրիգորյանի խոսքով` հիմա շատ ավելի ծանր հանցանք գործած մարդիկ են ազատվում կալանքից։ Դա կապված է կալանավորումների ընդհանուր քանակի կրճատման հետ, ինչի մասին ավելի վաղ խոսել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Երևանի Սարալանջի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որ պետհամարանիշ չէր ունեցել, բախվել էր «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պատնեշին:

Վթարի հետևանքով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները, որոնց թվում եղել է նաև 2017թ. ծնված Յուրի Պապովը, ստացել էին մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտովթարից հետո հեռացել էր դեպքի վայրից: Ապրիլի 26-ին փոքրիկը մահացել էր`այդպես էլ գիտակցության չգալով։