ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik.Կրթության և գիտության նախարարությունն այս տարի կարգազանց դպրոցների ու դրանց տնօրենների նկատմամբ խիստ միջոցներ չի կիրառի` դասապրոցեսին չվնասելու համար։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը` միաժամանակ հավելելով, որ հաջորդ տարվանից շատ ավելի խիստ են լինելու, չի բացառվում, որ հերթը նաև տնօրեններին հասնի։
«Բայց հաջորդ տարվանից շատ լուրջ խստացումներ կլինեն՝ ընդհուպ առաջին դասարանցիների էլեկտրոնային գրանցում, որը թույլ չի տա դպրոցներին այլևս իրենց ունեցած լիցենզիաներից ավելի աշակերտ ընդունելու, իսկ ավելի բարձր դասարաններում սովորող աշակերտների պարագայում մարման կարգով կնվազեցնենք այդ դպրոցների ընդունելության հնարավորություններն այնքան, մինչև համապատասխանեն լիցենզիաների թվին»,– ասաց նախարարը։
Հիշեցնենք` Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանի Պուշկինի անվան դպրոցը տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա չունի: Դրանից հետո դպրոցի տնօրենն արդեն դիմել է լիցենզավորման համար։ Իսկ բացահայտումը, թերևս կազդի դպրոցի վարկանիշի վրա։ Արայիկ Հարությունյանը չի բացառում, որ այս տարի այդ դպրոցում առաջին դասարանցիների ընդունելություն չի իրականացվի։
«Դա մենք կքննարկենք իրենց հետ, համապատասխան գործընթացների արդյունքում որոշումներ կկայացվեն, բայց 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարանցիները կշարունակեն ուսումը»,– ասաց նա։
Պուշկինի դպրոցից բացի այս պահին առանց համապատասխան լիցենզիայի աշխատող ևս 3 դպրոց է բացահայտվել։ Դրանց բոլորի տնօրեններն էլ արդեն լիցենզիա ստանալու դիմում են ներկայացրել։ Բայց ստուգումները շարունակվում են, չի բացառվում, որ նոր չարաշահումներ բացահայտվեն։
«Մենք մի քանի տասնյակ դպրոցների դեպքում ունենք խնդիր։ Ես հանձնարարել եմ ստուգումների արդյունքում ցուցակները ինձ տրամադրել, քանի որ որոշ տեղերում ավագ դպրոցն առանց համապատասխան լիցենզիայի իրականացնում է ավելի կրտսեր դասարանների աշակերտների ընդունելություն և դասապրոցես է կազմակերպում։ Ստուգումների արդյունքները կհրապարակվեն ու կհասկանանք, թե այդ դպրոցների հետ կապված ինչ քայլեր ենք անելու»,– ասաց նա։
Նախարարի խոսքով` լիցենզիայում նշված թույլատրելի առավելագույն թվից ավելի աշակերտներ ընդունելով տնօրենները վտանգել են երեխաների առողջությունը, քանի որ նրանց համար անհրաժեշտ պայմաններ չեն ապահովել։ Փոքր տարածքում մեծ թվով աշակերտների առկայությունից բացի փոքր երեխաները հաճախ ստիպված են եղել ավագ դասարանների համար նախատեսված գույքից օգտվել։
«Դրանից կարող են շատ ավելի լուրջ հետևանքներ առաջանալ՝ հաշմանդամություն, ողնաշարի հետ կապված խնդիրներ և այլն»,– ասաց նախարարը։
Իսկ այդ ամենը նախկին իշխանությունների օրոք իրականացվել է հովանավորչության միջոցով։
«Չեխովի դպրոցի տնօրենը տեսչական մարմնին թույլ չի տվել մտնել։ Կամ եղել են դեպքեր, երբ տեսչական մարմինը կամ լիցենզավորման վարչությունը փորձել են մտնել, կարճ ժամանակ անց զանգեր են ստացել, որ այդ «օլիգարխ» դպրոցներին չդիպչեն»,– պատմեց Հարությունյանը։
Հիշեցնենք` հունիսի 20-ին ՀՀ ԿԳՆ–ն հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր, որ Երևանի Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցը չի ունեցել տարրական հանրակրթական ծրագրի լիցենզիա, բայց տարիներ շարունակ տարրական դասարանների ուսուցում է իրականացրել։