ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. «Իրավունք» թերթը գրում է. «Վերջերս Գագիկ Ծառուկյանն իր մոտ է հրավիրել Ռուբեն Գեւորգյանին՝ Ծաղիկ Ռուբոյին և հրահանգել համախմբել ու կազմ պատրաստ վիճակում պահել Գևորգյանին հավատարիմ ազատամարտիկներին:
Մի վարկածով, որ եթե սկսվի ԵԿՄ-ի կազմաքանդման գործընթացը, Գևորգյանը փորձի հնարավորինս համախմբել այդ հատվածի ազատամարտիկներին ևս՝ բերելով ծառուկյանական դաշտ:
Այլ վարկածով, որ Ծառուկյանն ամրապնդի իր ուժային հենարանը, ինչի կարիքը, ինչպես ցույց տվեց նրա անվտանգության պետի ձերբակալությունը, կարող է զգացվել:
Նշվածի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Ռուբեն Գեւորգյանից, ով սակայն քմծիծաղ տալով ասաց միայն. «Նման բան չկա: Ծառուկյանը իմ ընկերն է… Լավ եղեք»:
Հա, էլի ընկեր, բայց դա ի՞նչ կապ ունի հավատարիմ ազատամարտիկներին համախմբելու հետ: Ավելին, պետք է ընկեր լինել, նման հանձնարարություն տալու համար»: