Ադրբեջանցի հաքերներն ակտիվացել են Հայաստանում

Ադրբեջանի բնակիչները արդեն որերորդ օրն է ապրում են առանց հոսանքի ու նույնիսկ ջրի։ Իհարկե, այս հանգամանքը կարող էր ադրբեջանցի հաքերների պասիվության կամ անգործության պատճառ դառնալ, բայց չդարձավ...
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Գրեթե ամբողջ Ադրբեջանում էլեկտրաէներգիայի անջատումը չխանգարեց ադրբեջանցի հաքերներին։ Ավելին` նրանք ակտիվացան և հաջողացրին կոտրել Լիդիան Արմենիայի կայքը (բրիտանական Lydian International ընկերության մասնաճյուղ)։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Պետք է նշել, որ ադրբեջանցի հաքերների մեծ մասը, որոնք գործում են Հայաստանի դեմ, ապրում են այլ երկրներում, մասնավորապես` Թուրքիայում։

«Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, որոնք փոխեցին ներքաղաքական իրավիճակը, հարևան երկրում հաքերները փորձում են աշխատանքի բարձր մակարդակ պահպանել` ավելի մեծ քանակի մասնագետների ներգրավելով», — ասաց փորձագետը։

Ադրբեջանական պետական քարոզչամեքենան այս տարվա ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում (Հայաստանի «թավշյա հեղափոխության» ժամանակ) փոքր-ինչ սառեցրել էր իր գործունեությունը, քանի որ որոշակի շփոթմունքի մեջ էր հայտնվել` չիմանալով ինչպես արձագանքել, ընդգծեց փորձագետը։

«Նրանք չէին հասկանում, թե որ ուղղությամբ է պետք գործել, քանի որ մեր երկրում ամեն ինչ փոխվում էր լույսի արագությամբ` փոխվում էին դեմքերը, ներքաղաքական իրավիճակը», — նշեց Մարտիրոսյանը։

Ինչո՞ւ են հայերին ավելի հաճախ արգելափակում Facebook–ում

Այժմ պատկերն այլ է` ադրբեջանցի հաքերներն արդեն որոշել են պոտենցիալ զոհին և հստակ գիտեն, թե ում է կարելի հասցնել «հարվածը», ավելացրեց փորձագետը։

Սակայն մեկ այլ խնդիր էլ կա` սահմանին ադրբեջանական ԶՈՒ բարձր ակտիվությունը։

Մարտիրոսյանը նշեց, որ հարևան երկրի քարոզիչները ժամանակ առ ժամանակ փորձում են բացասական հույզեր և խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում` սեփական բանակի պատրաստականության մասին տարբեր լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակելով։

Եվս մեկ գլխացավանք է նաև ադրբեջանցի հաքերների ամբոխը սոցցանցերում։ Մարտիրոսյանի խոսքով` Twitter-ում, Facebook-ում և այլ կայքերում մի շարք իրական և կեղծ էջեր կան, որոնք ակտիվ աշխատում են հայ օգտատերերի, հայկական թեմատիկայի, հանրային էջերի դեմ։

Փորձագետն ավելացրեց, որ օգտատերերը հաքերական հարձակումների զոհ են դարձել հատկապես մայիսին։ Իսկ վերջին տարիներին Բաքվում պետական հաքերական խմբեր են սկսել ձևավորվել, որոնք բավական հաջող և վտանգավոր գործունեություն են ծավալում։ Մարտիրոսյանը կոչ է անում հայ օգտատերերին և իշխանություններին զգոն լինել և ավելի մեծ ուշադրություն դարձնել կիբեռանվտանգությանը։