ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Մինչև շաբաթվա վերջ «Վեոլիա ջուր» ընկերությունը կվերականգնի նորմալ ջրամատակարարումը Երևանում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն` ելույթ ունենալով Աշտարակի դիսպետչերական կայանում։
Նա հիշեցրեց, որ 40 աստիճան շոգը Երևանում սովորականից 1–2 շաբաթ ավելի շուտ սկսվեց։ Արդյունքում մարդիկ ավելի շատ են ջուր խմում, լողանում, լվացք անում. մայրաքաղաքը մեկ վայրկյանում սովորականից երկու հազար լիտր ավելի շատ ջուր է օգտագործում։
Վերջերս Երևանի ջրամատակարարումը գրեթե ամբողջովին լեռնային աղբյուրներից ինքնահոս էր գալիս: Ստորգետնյա ջրի պոմպերը միացնում են միայն ամռանը, երբ ջուրը բոլորին չի բավարարում։ Արարատի պոմպակայանի պոմպերը գերբեռնվածության պատճառով շարքից դուրս են եկել։ Միաժամանակ վթար է տեղի ունեցել այն գծում, որն այնտեղից քաղաք է գալիս։
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը նշեց, որ այս շաբաթ ստիպված են երբեմն քաղաքի տարբեր հատվածներում ջուրն անջատել։ Այդ օրերին ուզում են համակարգը կարգի բերել։ Այսինքն` քաղաքի 80-85%-ը շուրջօրյա ջուր է ունենալու, մնացածը` 17 ժամ (խոսքը հիմնականում քաղաքամերձ բնակավայրերի մասին է)։
Որպեսզի պոմպերը կարողանան ծանրաբեռնվածությանը դիմանալ, ապագայում ուզում են փոխել դրանք։ Մտադիր են նաև փոխել պոմպերից քաղաք եկող գլխավոր ջրատարի հինգ կիլոմետրը։
«Երևանցիներին և բոլորին ուզում ենք մի բան խնդրել. խմելու ջուրը ոռոգման համար մի օգտագործեք։ Իհարկե, որքան ավելի շատ ջուր ծախսեն, այդքան ավելի շատ գումար կտան մեզ։ Սակայն կարևորը փողը չէ։ Կարևորն այն է, որ ջուրը բոլորին հերիքի։ Իսկ այդպես այն չի կարող ձեր հարևաններին հասնել», – նշեց Գրիգորյանը։
Նշենք, որ Արարատի պոմպակայանի վթարը եղել է ուրբաթ օրը։ Գրեթե երկու օր քաղաքի հարավային թաղամասերի բնակիչները 40 աստիճան շոգին զրկվել են ջրից։