Հայ տնտեսագետը խոսել է Թուրքիայում պաշտոն ստանալու մասին

Դարոն Աճեմօղլուն ասել է, որ առաջարկ չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն հերքել է թուրքական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունն այն մասին, թե Թուրքիայում նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է ստացել: Այս մասին Աճեմօղլուն ասել է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի հետ զրույցում:

Չաքրյան. «Կասկածում եմ, որ Աճեմօղլուն կընդունի Էրդողանի առաջարկը»

Ի պատասխան այն պնդումների, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է երկրի տնտեսության ղեկին նախարարի պաշտոնում նշանակելու Աճեմօղլուին՝ տնտեսագետն ասել է, որ նման առաջարկ չի ստացել:

«Ոչ ոք ինձ հետ կապ չի հաստատել։ Կարծում եմ՝ դրանք պարզապես բամբասանքներ են»,- ասել է նա:

Խոսելով Թուրքիայի տնտեսության մասին՝ նա նշել է, որ այն կառուցվածքային խնդիրներ ունի: Նա ընդգծել է, որ վերջին 10 տարիների ընթացքում երկրի տնտեսությունում արտադրողականության աճ չի եղել, տեխնոլոգիական զարգացումներից կամ անշարժ գույքի սեկտորից բացի ներդրումների աճ չի գրանցվել:

«Թուրքիայի տնտեսությունում կտրուկ անկման ռիսկ կա»,- ասել է տնտեսագետը:

Օրեր առաջ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը նոր կազմվող կառավարության կազմում մտադիր է ներառել նաև աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին: