Իրանում հրդեհների և վթարների հետևանքով մարդիկ են մահացել. տեսանյութ

Իրանում ջերմաստիճանը 40 աստիճանից չի բարձրանում, բայց չոր կլիման նպաստում է հրդեհների առաջացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Սարսափելի շոգն ու անոմալ ջերմաստիճանը բազմաթիվ հրդեհների պատճառ են դարձել Իրանում, այս մասին գրում է Fars լրատվական գործակալությունը։

Հարևան երկրում տեղի են ունեցել միանգամից մի քանի դժբախտ պատահարներ. Գոլեստան ազգային պարկում մեծ հրդեհ է բռնկել այն բանից հետո, երբ կրակը տարածվել է հարևան Հյուսիսային Խորաստան նահանգ։ Հրդեհի սկզբնական պատճառը չոր հողն է և խոտը։

Հրդեհը հանգցնում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և բանակի ուժերը, բայց առայժմ չի հաջողվում հանգցնել կրակը։ Ազգային պարկի ընդհանուր տարածքը 900 քառակուսի կիլոմետր է։

Թեհրանի արևմուտքում գտնվող քիմիական ձեռնարկությունում պայթյունի հետևանքով մահացել է մեկ աշխատողը, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։

Երեկ Թեհրանի մոտակայքում գտնվող թղթի գործարանում տեղի է ունեցել թունավոր գազի արտահոսք, որի հետևանքով մահացել են չորս աշխատող։