Նորից «բամփու՞մ են». նոր ուշքի եկող ԲՀԿ–ն` նոր սկանդալի կիզակետում

Այսօր հայտնի դարձավ Էդուարդ Բաբայանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի անվտանգության ծառայության ղեկավարի ձերբակալության մասին լուրը։
Sputnik

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Առաջին հայացքից ամեն ինչ սովորական քրեական գործի տեսք ունի` «դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու» հոդվածով (ՀՀ ՔՕ 112–րդ հոդված), սակայն չի բացառվում, որ այստեղ շատ բան տողատակում է գրված։ Միջադեպը մանրամասն լուսաբանվել է մամուլում, այստեղ դետալները կրկին ներկայացնելու իմաստ չկա։

Ինչու է ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը. մանրամասներ

Ի՞նչ է եղել. սովորական քրեական գո՞րծ, անպատիժ լինելուն սովոր օլիգարխների անվտանգության ծառայողների սովորական պահվա՞ծք (որը հիմա «չի անցնում»), թե՞ դա Ծառուկյանին ուղղված որոշակի ուղերձ է»։ Եվ արդո՞ք ԱԻՆ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանի գլխավերևում ամպեր են կուտակվել։ Նա մարդուն ծեծելուն ականատես է եղել, սակայն չի հայտնել հանցագործության մասին. դա հրաժարականի ոչ թե ձևական, այլ լրիվ իրական առիթ է։ Հիշեցնենք` Ռոստոմյանը Ծառուկյանի հովանավորյալն է ու նախարարի պորտֆել է ստացել «Բարգավաճ Հայաստանի» տրամադրած յուրօրինակ «քվոտայի» հիման վրա։

Մի փաստ կա, որը ստիպում է մտածել` սա պարզապես քրեական գործ չէ (կամ ոչ միայն)։ Տուժածի ցուցմունքների մասին ոստիկանության հաղորդագրությունից հետևում է, որ Ծառուկյանն անձամբ է սկսել էկզեկուցիան։ Այսինքն` ըստ տրամաբանության (ու ըստ օրենքի), օլիգարխին եթե չձերբակալեն, պետք է գոնե հարցաքննեն։

Ու այստեղ հիշում ենք, որ թեև ԲՀԿ–ն ու Դաշնակցությունը աջակցել են Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրվելիս, նրանք «Քաղաքացիական պայմանագրի» հետ այդպես էլ կոալիցիոն համաձայնագիր չեն ստորագրել։ Չնայած դրան, դաշնակցականները Փաշինյանի կառավարությունում ստացել են տնտեսական ներդրումների ու գյուղատնտեսության նախարարությունները, իսկ ԲՀԿ–ն երեք «ախորժալի» նախարարություն` տրանսպորտի, էներգետիկայի ու արտաքին իրավիճակների նախարարությունները։

Երկու կուսակցությունն էլ վարպետացել են ցանկացած իշխանության հետ արագ կոալիցիա ստեղծելու գործում (Դաշնակցության դեպքում` բացի առաջին նախագահից), թեև մինչ այժմ իշխանությունները Հայաստանում այդքան էլ հաճախ չեն փոխվել։ Հատկապես զարմացրեցին դաշնակցականները, որոնք վայրկյանական դուրս եկան ՀՀԿ–ի հետ կոալիցիայից ու գործադիրում պահպանեցին որոշ պաշտոններ։ Նոր իշխանությունը, հավանաբար, շատ լավ գիտի իրենց այս վարպետության մասին, այդ պատճառով էլ չի շտապում որևէ կոալիցիոն համաձայնագրեր ստորագրել։

Իսկ ԲՀԿ–ն, որը 2015.թ–ի հիշարժան օրերին «մերժվել էր» Սերժ Սարգսյանի կողմից, նոր էր սկսել ուշքի գալ ու իրեն քիչ թե շատ լավ զգալ, բայց…

«Ծառուկյան» դաշինքի համար ոչ այդքան հարմարավետ «հանգրվան» եղան  բարեգործությունների մասին օրենքի ուղղումները, որին դաշինքը ստիպված էր կողմ քվեարկել։ ԲՀԿ–ից ձայներ էին լսվում, թե դեմ են ուղղումներին, սակայն հետո կուսակցությունում ասացին, որ այս հարցում նոր իշխանությունների հետ կոնսենսուսի են եկել։

Բայց նոր կառավարությունից էլ արձագանքեցին, որ ոչ մի «կոնսենսուսի» մասին չի կարող խոսք լինել, ու դաշինքը քվեարկել է այնպես, ինչպես քվեարկել է` սեփական կամքով  ու սեփական եզրակացությունների հիման վրա։

Բարեգործական կրքերը հանդարտվեցին. «Ծառուկյանն» արդեն կողմ է օրենքին

Ինչպես Բորիս Նկոլաևիչը կասեր` այստեղ մի խուճուճ բան է ստացվում։ Դաշնակցությունը, հարմարվելու իր ունակությամբ հանդերձ, ամեն դեպքում, որպես կուսակցություն ունի իր  գաղափարախոսությունը։ Իսկ ԲՀԿ–ն լիովին զուրկ է գաղափարախոսական հիմքից, ու դրա բոլոր նախընտրական քարոզարշավները հիմնված են Ծառուկյանի ֆինանսավորած բարեգործական ակտերի վրա, իսկ վերոհիշյալ ուղղումները սահմանափակում են կուսակցության առաջ գնալու հնարավորությունները։ Եվ այն, որ վերջի վերջո կուսակցությունը կողմ եղավ ուղղումներին, հիմա կարելի է բացատրել միայն գործող իշխանությունների հետ հարաբերությունները չփչացնելու ու որոշ արտոնություններ ստանալու միտումով։

Իշխող վերնախավում հայտնվելու գայթակղությունը շատ մեծ է…

Տեսնենք, թե ինչպես վերջին իրադարձությունները կանդրադառնան «բարգավաճների» վրա ու բոլոր այս պատմություններից հետո նրանք քանի նախարարական պորտֆել կպահպանեն։

Իսկ մինչ այդ ԲՀԿ–ն ու Դաշնակցությունը ունեցած հարմարավետ աթոռները պահպանելով (հնարավոր է`ավելացնելով) են զբաղված, քաղաքական ուժերը կամաց–կամաց սկսում են պատրաստվել արտահերթ խորհդարանական ընտրություններին։ Նոր կուսակցություններ են ստեղծվում, որոնք միանգամից հայտնում են նոր իշխանություններ հետ երկխոսության գնալու պատրաստականության մասին, որոնք ցուցադրում են իրենց հավատարմությունն ու աջակցությունը։  Եվ դա միայն  ճանապարհի սկիզբն է. այն խոստանում է հետաքրքիր լինել։