Նախկին պաշտոնյան ուզում է իր կուսակցությունն ունենալ. Սամվել Ալեքսանյանը մերժել է օգնել

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախաագահ Աղվան Հովսեփյանը ցանկանում է նոր կուսակցություն հիմնել և այդ նպատակով որոշակի բանակցություններ է սկսել մի քանի գործարարների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. «Հայկական ժամանակ» օրաթերթի աղբյուրները հայտնել են, որ Աղվան Հովսեփյանը մտադիր է իր կուսակցությունը ստեղծել Նիգ-Ապարան հայրենակցական միության բազայի վրա։ Ֆինանսական մասով էլ հույսը դրել է նախկին հանրապետական, ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վրա, որը նույն միության կենտրոնական դեմքերից է ու նախկինում միշտ հովանավորել է միությունը։

Թերթին հայտնի է դարձել, սակայն, որ Ալեքսանյանը կտրականապես հրաժարվել է առնչություն ունենալ նոր ձևավորվելիք ուժի հետ ու հայտարարել է` ինձ հետ գործ չունեք։ Ալեքսանյանից մերժում ստանալուց հետո Աղվան Հովսեփյանը փորձել է նույն հարցով աջակցություն ստանալ Տիգրան Մեծ տպարանի սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Վրեժ Մարկոսյանից։

Վերջինս էլ իր հերթին է մերժել Հովսեփյանին, բացատրել է, որ քաղաքականության հետ առնչություն ունենալու ցանկություն չունի, ուզում է բացառապես իր բիզնեսով զբաղվել։

Թերթը եզրակացնում է` Հովսեփյանն իր կուտակած միջոցները կուսակցության վրա ծախսելու ցանկություն, կարծես թե, չունի, բայց մեծ ցանկություն ունի նոր միավորով մասնակցել առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։