Քաղաքացիները սպառնում են` ջրի դիմաց չենք վճարելու. մարդիկ օգնության են կանչում Փաշինյանին

Ամռան շոգին խմելու ջրից զրկված քաղաքացիները բոյկոտ են հայտարարել «Վեոլիա ջուր» ընկերությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. ՀՀ քաղաքացիները պայքար են նախաձեռնել ընդդեմ ջրամատակարարող «Վեոլիա ջուր» ընկերության։ Ֆեյսբուքում բացված «Բոյկոտ Վեոլիա ջուր» խմբի մասնակիցները բաց նամակ են հրապարակել և հայտնում են, որ չեն վճարելու «Վեոլիա ջրի» ոչ պատշաճ մատուցած ծառայությունների դիմաց։

«Ամեն շաբաթ իրականացվող ջրանջատումներ, ջրի նորմայից ցածր ճնշում, կասկածելի հաճախականությամբ վթարներ, բարձրահարկ շենքերի հարկերում ջրի բացակայություն և այդպես էլ լուծում չստացած բազմաթիվ խնդիրներ»,- գրում են օգտատերերը։

Բաց նամակի հեղինակները նաև դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին`նրա ուշադրությունը հրավիրելով խմելու ջրի խնդրի վրա և հորդորելով համապատասխան մարմիններին հանձնարարել քննություն իրականացնել`պարզելու, թե որքանով են ջրանջատումները համապատասխանում «Վեոլիա ջրի» ներկայացրած պատճառներին։

Հիշեցնենք` արդեն մի քանի օր է, ինչ շոգ եղանակային պայմաններում Երևանի մի շարք թաղամասերի բնակիչներ զրկված են ջրից։

«Վեոլիա ջուր» ընկերությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ Երևանի տվյալ թաղամասերի ջրամատակարարումն ապահովող Արարատյան պոմպակայանում վթար է տեղի ունեցել, և ընկերության աշխատակիցները փորձում են վերականգնել պոմպակայանի նորմալ աշխատանքը։