ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը որոշել է ուսումնասիրել ջրանջատումների հիմնավորվածության հարցը։ Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից` հավելելով, որ քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ են ստացել ջրանջատումների մասին նախապես չիրազեկվելու վերաբերյալ։
Ստացված բողոքները պաշտպանին իրավունքների զանգվածային խախտումների ենթադրության հիմք են տվել։
ՄԻՊ աշխատակազմը հարցումներ է ուղարկել «Վեոլիա ջուր» ընկերությանն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` պարզաբանումներ պահանջելով քաղաքացիներին ոչ պատշաճ ծանուցումների, անհիմն ջրանջատումների ու դրանց պատճառների մասին:
Հիշեցնենք` արդեն մի քանի օր է` այս շոգ եղանակային պայմաններում Երևանի որոշ թաղամասերի բնակիչներ զրկված են ջրից։ Բնակիչները վստահեցնում են, որ ջրանջատումների մասին նախապես չեն իրազեկվել։
«Վեոլիա ջուր» ընկերությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ Երևանի տվյալ թաղամասերի ջրամատակարարումն ապահովող Արարատյան պոմպակայանում վթար է տեղի ունեցել։ Ընկերության աշխատակիցները փորձում են վերականգնել պոմպակայանի նորմալ աշխատանքը։
Այսօր հրավիրված ասուլիսում «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչը խոստացել է, որ խնդիրը կշտկվի մեկ շաբաթվա ընթացքում։