Հայկական բեռնատարները մնացել են վրաց–ռուսական սահմանին. ո՞վ է մեղավոր

Հայկական բեռնատարներն արդեն մի քանի օր է` չեն կարողանում մտնել Ռուսաստան։ Հայաստանի տրանսպորտի նախարարությունը խնդիրը լուծելու համար բանակցություններ է վարում վրացի և ռուս գործընկերների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Հայկական բեռնատարները կուտակվել են վրաց-ռուսական սահմանին` «Վերին Լարս» հսկիչ-անցակետում։ Մրգերով բեռնված ավտոմեքենաներն արդեն մի քանի օր է` չեն կարողանում մտնել Ռուսաստանի տարածք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին Հայաստանի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում։

Մելիքյան. «Մենք պետք է արագացնենք Վերին Լարսի ռուսական կետի արդիականացման գործընթացը»

Կիլոմետրանոց հերթերի պատճառն այն է, որ վրացական կողմը ներմուծել է վարորդների էլեկտրոնային գրանցման նոր համակարգ։ Այդ նորամուծության հետևանքով գործընթացը դանդաղել է։ Իրավիճակը բարդացնում է նաև ռուսական մաքսատան աշխատանքի դանդաղկոտությունը։ Այս հանգամանքը շեշտեցին նաև SPAYKA-ում, որն առաքում իրականացնող խոշոր ընկերություն է Հայաստանում։

SPAYKA-ի ներկայացուցիչը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում դժվարացավ ասել, թե որքան մեքենաներ են մնացել հսկիչ-անցակետում։ Մեկ բեռնատարն այսօր անցակետում մնում է մոտ երկու օր, այն դեպքում, երբ սովորաբար հերթը ավտոմեքենաները հաղթահարում են մոտ վեց ժամում։

Ընկերությունից նշեցին, որ հերթերի պատճառներից մեկը զբոսաշրջային սեզոնն է։ Սովորաբար տարվա այս եղանակին սահմանին կուտակվում են հարյուրավոր մարդատար ավտոմեքենաներ։

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ինտենսիվ բանակցություններ է վարում վրացի և ռուս գործընկերների հետ` այդ խնդիրը լուծելու նպատակով։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել հայ վարորդներից, որոնք մնացել են վրաց-ռուսական սահմանին։ Եթե հավատանք աղբյուրին, ապա բեռնատարների թիվը հասնում է 1500-ի։ Նախարարությունում այս թիվը չհաստատեցին։