Հայաստան եկող աստղերի թիվն ավելացել է. ֆուտբոլի համաշխարհային լեգենդները կխաղան Երևանում

Եվրոպայի և Լատինական Ամերիկային ֆուտբոլային լեգենդներն ու աստղերը հուլիսի 8-ին ընկերական խաղ կանցկացնեն Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: Կազմակերպիչներն այս խաղով ավելի են մոտեցնում աշխարհի առաջնությունը Երևանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆուտբոլային աշխարհի ուշադրությունն այս օրերին գամված է Ռուսաստանի վրա, որտեղ անցկացվում են Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները: Հուլիսի 6-ին և 7-ին կայանալու են քառորդ եզրափակիչ հանդիպումները: Մինչ կիսաեզրափակիչ խաղերը Մոսկվայում հյուրընկալված աշխարհահռչակ ֆուտբոլիստները կժամանեն Երևան, և Հայաստանի մայրաքաղաքը նույնպես կզգա ֆուտբոլային տոնի քաղցրությունը:

Ֆուտբոլային տոնի գունեղ պահերը` Sputnik Արմենիայի տեսախցիկում

Երևանում Եվրոպայի թիմում հանդես գալու իրենց համաձայնություն են տվել Ռայան Գիգզը, Լուիշ Ֆիգոն, Յուրի Ջորկաեֆը, Լոթար Մաթեուսը, Խրիստո Ստոիչկովը, Պաոլո Մալդինին, Դեմետրիո Ալբերտինին: Այս ֆուտբոլիստների խաղին հետևելը ժամանակին հաճույք է եղել երկրպագուների համար: Ճիշտ է` աստղերն այսօր չունեն այն արագությունն ու ֆիզիկական պատրաստականությունը, ինչ նախկինում, բայց նրանց ևս մեկ անգամ խաղադաշտում տեսնելը ֆուտբոլային լեգենդների հետ առնչվելու յուրահատուկ հնարավորություն է ֆուտբոլասերների համար: Եվրոպայի հավաքականի կազմում հանդես կգա նաև Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Լատինական Ամերիկայի հավաքականը տիտղոսների առումով ավելի ներկայացուցչական է լինելու: Աշխարհի չեմպիոններ Ռոբերտո Կառլոսի, Կաֆուի, Բեբետոյի, Ռիվալդոյի հետ մեկտեղ «Հանրապետականի» մարզադաշտ դուրս կգան հանրահայտ արգենտինացիներ Գաբրիել Բատիստուտան, Խավյեր Ձանետին, Հեռնան Կրեսպոն:

Ռուսաստանից իր հավաքականի խաղերին հետևելուց հետո Հայաստան կժամանի կոլումբիացի հանրահայտ ֆուտբոլիստ Կառլոս Վալդերաման: Թիմի կազմում ընդգրկված են նաև Ալդաիրը, Ժուլիան Բելետին, Ժուլիո Սեզարը, Իվան Կորդոբան:

Գործարար Արթուր Սողոմոնյանը նմանօրինակ հանդիպում արդեն կազմակերպել ու անցկացրել էր Երևանում Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի կապակցությամբ:

Բայց այս դեպքում, անկասկած, ֆուտբոլիստների անունները ֆուտբոլային պատմություն են, և նրանց բազմաթիվ նվաճումներին ու հաղթանակներին հայ ֆուտբոլասերները հետևել են հիմնականում հեռուստատեսությունով, այնպես որ հիմա բոլորն իրենց կուռքերին սեփական աչքերով տեսնելու եզակի հնարավորություն ունեն։