ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Արա Բաբլոյանն իր մտահոգությունն է հայտնել ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին` հայ-ադրբեջանական սահմանին եւ արցախա-ադրբեջանական առաջնագծում ադրբեջանական կողմից զինտեխնիկայի, կենդանի ուժի կուտակումների հետ կապված: ԱԺ նախագահը շեշտել է, որ իրավիճակի ապակայունացմանն ուղղված ադրբեջանական կողմի ցանկացած փորձ լրջագույն վտանգ է դառնալու տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
ԱՄՆ Անկախության օրվա առթիվ Արա Բաբլոյանն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: ԱԺ նախագահը շնորհավորել է Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին եւ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` Միացյալ նահանգների անկախության 242-րդ տարեդարձի առթիվ:
Զրույցում կողմերը կարևորել են հայ-ամերիկյան բարեկամությունն ու սերտ համագործակցությունը։ Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին` Արա Բաբլոյանն ընդգծել է երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կառուցողական փոփոխությունների կարեւորությունը, ինչպես նաեւ այդ համատեքստում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների` ազատ եւ արդար միջավայրում անցկացնելու անհրաժեշտությունը:
Շնորհակալություն հայտնելով Արա Բաբլոյանին` ԱՄՆ դեսպանը որպես երկու երկրների միջեւ ամուր հարաբերությունների հիմք մատնացույց է արել ընդհանուր արժեքները: Նա պատիվ է համարել ԱԺ նախագահին ընդունեն ամերիկյան ժողովրդի անունից: