Բուժիչ օշարակից մինչև հայտնի օղի. Հայաստանում Թթի փառատոն կանցկացվի

Ուզո՞ւմ եք համտեսել թարմ, հյութեղ մրգեր ու հատապտուղներ կամ հանրահայտ թթի օղի խմել, ուրեմն պետք է հուլիսին այցելեք Սյունիք, որտեղ կանցկացվի Թթի փառատոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Թթի փառատոնը կկայանա Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում հուլիսի 7-ին։ Թթի տոնը կօգնի հյուրերին ավելի լավ ճանաչել Հայաստանը։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի Զբոսաշրջության պետական կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը։

Արցախի թթի օղին ռուսաստանցուն ստիպեց կնության տալ դստերը

Ապրեսյանի կարծիքով` նման փառատոների նպատակը միայն զբոսաշրջությունը զարգացնելը չէ։

«Դա հզոր գործիք է բազմաթիվ հարցեր լուծելու համար։ Առաջին հերթին` հանրապետության գյուղերում այդ միջոցառումները կօգնեն պահպանել մեր նախնիների ավանդույթները, երկրորդ` դրանք աջակցում են սահմանամերձ գյուղերի զարգացմանը», — նշեց Ապրեսյանը։

Բացի այդ, նման փառատոների ժամանակ գյուղացիները և արտադրողներն իրենց արտադրանքը ներկայացնելու հնարավորություն ունեն։

Թթի փառատոնը կդառնա այն հարթակներից մեկը, որտեղ կարելի է օգտակար և նոր ծանոթություններ ձեռք բերել։

«Փառատոնը կմեկնարկի թթի ծառը թափ տալով։ Այն թիմը, որն ավելի շատ թութ կհավաքի, հաղթող կդառնա», — նշեց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը։

Բացի այդ, ծրագրված են տարբեր տոնական միջոցառումներ, որոնք կավարտվեն հուլիսի 8-ին։

Նա ավելացրեց, որ միջոցառման շրջանակում կպատրաստվի և կներկայացվի հայտնի թթի օղին։

Թթի փառատոնն անցկացվում է արդեն չորրորդ անգամ։ Այս տարի միջոցառման շրջանակում հյուրերը կծանոթանան Քարահունջ գյուղի բնակիչների ավանդույթներին, կհամտեսեն օգտակար հատապտուղներ, թթի օղի, դոշաբ (բուժիչ օշարակ), ինչպես նաև կկարողանան համտեսել ազգային խոհանոցի ճաշատեսակները` Քարահունջի ձկան հարիսան, խաշիլը, թանապուրը։

Տոնի ժամանակ խոհարարները վարպետության դասեր կկազմակերպեն փառատոնի այցելուների համար։ Փառատոնի հյուրերը կարող են գնել չրեր, մուրաբա և այլն։